Turkish Airlines-ը Երևան չի թռչի. Բաքվում Թուրքիայի դեսպանը փորձել է հանգստացնել հիստերիան

armtimes.com.Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրքան Օզորալը մեկնաբանել է Թուրքական ավիաուղիների տնօրեն Իլքեր Այջըի հայտարարությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիափոխադրումներ սկսելու վերաբերյալ:

 

Թուրք դեսպանը նշել է, թե թուրքական լրատվամիջոցները սխալ տեղեկություն են տարածել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

«Ես հարցի շուրջ խոսել եմ ավիաընկերության տնօրենի հետ: Նա ասել է, որ նման հայտարարություն չի արել: Տարածված տեղեկությունները սխալ են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է թուրք դիվանագետը:

 

Ավելի վաղ Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալությունը լուր էր տարածել` Թուրքական ավիաուղիների տնօրենի հետ հարցազրույցով, որում Այջըն խոսել է նաեւ առաջիկա ծրագրերին ու նշել. «Մենք նոր ուղղություններ ենք ունենալու դեպի Արեւելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ: Մասնավորապես՝ դեպի Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Հայաստան»: 

 

2008-ին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններից հետո թուրքական ավիափոխադրողը հայտարարել էր, որ պատրաստվում է չարտերային թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, եւ այդ նպատակով ուսումնասիրում է շուկան: Նամակ էր հղվել Թուրքիայի քաղաքացիական օդագնացության գլխավոր տնօրինությանը եւ արտգործնախարարությանը հայկական ավիաուղիների կողմից Ստամբուլ կատարվող չարտերային թռիչքների պայմաններին ծանոթանալու համար: 

 

Թուրքական ավիաուղիները 2008-ի սեպտեմբերի 6-ին Հայաստան էր տեղափոխել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին եւ դրանից հետո էլ եւս մեկ նամակով դիմել էր արտգործնախարարությանը` ճշտելու դեպի Հայաստան հնարավոր թռիչքների` թուրքական ազգային շահին համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցը:  

 

 

 

 

01.12.17 | քաղաքականություն