Сайт продаётся (Կայքի վաճառք)!

NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը Ֆրանսիայում բնակվող սկսնակ մոդել Աննա Պոտապովիչի հետ

Ինչպե՞ս են մոդելները հասնում իրենց փառքի եւ ճանաչման գագաթնակետին: NEWS .am STYLE որոշել է իր ընթերցողներին ներկայացնել Ֆրանսիայում բնակվող սկսնակ մոդելներից մեկին՝ 25-ամյա Աննա Պոտապովիչին, որն իր առաջին քայլերն է անում նորաձեւության ասպարեզում։

-Աննա, շնորհակալ եմ, որ համաձայնեցիր զրուցել մեզ հետ։ Պատմիր, թե ինչպես ես սկսել քո մոդելային կարիերան։

-Այս ասպարեզում հայտնվել եմ 17 տարեկանից։ Ընկերուհուս հետ շրջում էի Թուլուզի խանութներում եւ պատահաբար խանութներից մեկի մուտքի մոտ հանդիպեցինք «նոր դեմքեր փնտրող որսորդների»։ Իհարկե, մենք չէինք կարող պատկերացնել, որ նրանք փնտրում էին բարձրահասակ աղջիկների՝ Կաննի փառատոնի շրջանակներում կայացած Գալա համերգին մասնակցելու եւ երիտասարդ դիզայներ Սոֆի Ռեյեսի նորաձեւության ցուցադրության ժամանակ  պոդիում բարձրանալու առաջակ անելու համար։ Շոուն, որին ներկա էին բազմաթիվ լուսանկարիչներ, լրագրողներ եւ դիզայներներ, կայացավ Ալբի քաղաքում եւ ցուցադրվեց ֆրանսիական մի քանի հեռուստաալիքներով։ Դրանից հետո ինձ սկսեցին զանգել տարբեր ոճաբաններ եւ լուսանկարիչներ։ Այնուհետեւ ես ծանոթացա իմ մենեջերի հետ, որը սկսեց լրջորեն աշխատել ինձ հետ։

Ահա այսպես էլ ես սկսեցի իմ կարիերան։ Ինչպես ասում են՝ ճիշտ ժամանակին, հայտնվեցի ճիշտ տեղում, եւ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։

-Ի՞նչն է քեզ գրավում այս մասնագիտության մեջ

-Այս բնագավառում ինձ միշտ գրավել են ստեղծագործ միտք ունեցող, բազմակողմանի զարգացած, անկեղծ, փոքր-ինչ խենթ, հումորի զգացում ունեցող մարդիկ, ում կողքին քեզ շատ հարմարավետ ես զգում։

Եվ ինչպես բոլոր աղջիկներին, ինձ նույնպես դուր է գալիս լինել ոճաբաններով, վարսավիրներով եւ դիզայներներով շրջապատված, քանի որ նրանք քեզ կանացի ու խնամված լեդի են դարձնում. չնայած ես մանուկ հասակում «իսկական տղա էի» եւ ավելի հեշտությամբ վարդակ կնորոգեի, քան դիմահարդարում կանեի։

Ինձ համար ամենավառ ու հիշարժան աշխատանքը Մարինա Մյուլերի հետ համագործակցությունն էր Բրունո Ֆլոժակ գեղեցկության սրահի համար։ Աշխատանքները տեւեցին մոտ 6 ամիս։

Վերջին աշխատանքներից կնշեմ Մոնակոյում Wilfried Nicault-ի կազմակերպված WILFRIEDandCO fashion show փակ ցուցադրությունը, ինչպես նաեւ Trash By 1000 ապրանքանիշի ցուցադրությունը։

-Ո՞վ է նորաձեւության քո կուռքը  

-Ես շատ կուռքեր ունեմ՝ սկսած Օդրի Հեփբերնից։ Շատ եմ սիրում նաեւ լեհ մոդել Նատալյա Յակիմչիկին, շատ նուրբ գեղեցկություն եւ ոճ ունի։ Վիկտորիա Բոնյան նույնպես գրավիչ է, Մաշկա Մինոգարովային էլ եմ շատ սիրում։ Հավանաբար այսքանով կսահմանափակվեմ, քանի որ ցուցակը կարելի է անվերջ շարունակել։

-Ո՞ր դիզայների աշխատանքներն են քեզ դուր գալիս

-Այս պահի դրությամբ կնշեմ Մայքլ Կորսի անունը, քանի որ ինձ համար նրա ամեն աքսեսուարը գլուխգործոց է։ Հագուստի դիզայներներից ինձ համար լավագույնն է Մաքս Ազրիան։ Եթե գեղեցիկ կոկտեյլային զգեստ եք փնտրում, ուրեմն հենց նա կարող է օգնել ձեզ։

— Ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում

Ապագայում երազում եմ աշխատել անշարժ գույքի գործակալությունում։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ ցանկանում եմ հաջողություններ ունենալ նաեւ միջազգային տնտեսագիտության ոլորտում։ 4 տարի է ապրում եմ Նիցցայում եւ արդեն հասկացել եմ, որ մարդիկ իրենց կյանքի ընթացքում փնտրում են հաճելի եւ օգտակար աշխատանք։ Ես նույնպես բացառություն չեմ։ Բայց իհարկե, ես միշտ ուրախ եմ համագործակցել նոր դիզայներների եւ ոճաբանների հետ, քանի որ նորաձեւության բիզնեսում աշխատելը շատ հաճելի է ինձ համար։

 

 

06.08.15 | լուսանկար | մոդա