1-3-րդ դասարանների դասագրքերը մատչելի չեն բոլոր երեխաների համար

Պետությունը  տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  ապահովում է  անվճար դասագրքերով, որը  ողջունելի է: Սակայն 5-12-րդ դասարանների այն դասագրքերը, որոնք  ստեղծվում են մրցույթներով և տպագրվում են   Դասագրքերի շրջանառու հիմնադրամի  միջոցներով, դրված են  համապատասխան կայքերում,  իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները  դրված չեն (հավանաբար   դասագրքերի հեղինակային իրավուքները պաշտպանելու նպատակով):

 

Այդ դասագրքերի   էլեկտրոնային  տարբերակների կարիքը համապատասխան կայքերում  շատ կա և  կարող է  շատ խնդիրներ լուծել: Մասնավորապես, վերջերս   բախվեցի հետևյալ փաստի հետ: Վանաձորի թ.6 դպրոցի 3-րդ դասարանում  է սովորում տեսողության  ծանր  խանգարում  ունեցող  մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար  անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի  էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Վստահ եմ, որ  այս խնդրի առջև  կանգնում են նաև տեսողության խանգարում ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոցի ուսուցիչները, որովհետև  ամեն տեղ կան համակարգիչներ, որոնք համապատասխան ծրագրերով ներբեռնելու դեպքում երեխան  կարող է լսել ցանկացած դասն ու  շատ դեպքերում այս մեթոդն ավելի  մատչելի կարող է լինել աշակերտի համար: Այս   հնարավորությունից  նրանք  փաստորեն զրկված են:

 

 

Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանին.

 

 

«Այս հարցը բարձրացնում եմ  ԿԳ նախարարության աշխատակազմի առջև ու հույս հայտնում, որ  1-3-րդ դասարանների դասագրքերն էլ կունենան  իրենց էլեկտրոնային  տարբերակները: Հարգելիներս,  իմացեք, որ  առնվազն մեկ երեխա՝ վանաձորցի Ալիկը, անհամբեր սպասում է իր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներին, որովհետև  ինքը սովորում է վանաձորյան հանրակրթական դպրոցում ու  բրայլյան դասագրքեր չունի, բայց ունի հայերեն խոսող համակարգիչ, որն իր համար կկարդա ցանկացած դասագիրք, ինչպես կարդում է  Ալիկի  սիրած հեքիաթների  խոսող տարբերակները»:

 

Ալիկն անհամբեր սպասում է ԿԳ  նախարարության  պատասխանին:

 

 

Անահիտ Բախշյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն

Երևանի  ավագանու անդամ

 

 

 

 

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն