Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ֆրանսիական բրենդը մուտք է գործում Հայաստան

Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրեցին անցած երկու օրվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

 





«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընդունելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը պատասխանատվություն ստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»,-նշել է Լևոն Ալթունյանը։

 

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ անգամ առաջատար կլինիկաներն առավել մեծ արդյունքներ են ապահովում համագործակցության շնորհիվ։ Հայ-ֆրանսիական այս համագործակցության նպատակը Հայաստանում քաղցկեղի վաղ հայտնաբերման և նորագույն տեխնոլոգիաներով ու մեթոդներով արդյունավետ բուժման ապահովումն է։ 

 

Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ծանոթացրել է իրենց կլինիկայի կողմից մշակված մոդելին։ «Բժշկության, խնամքի և գիտության համակցված մեր մոդելը պատրաստ է ներդրվելու այն երկրներում, որտեղ առկա են անհրաժեշտ ենթակառուցվածքները և կա քաղցկեղի դեմ պայքարի խնդիր»,-նշել է նա` ներկայացնելով ներդրման քայլերի հաջորդականությունը։ Այն ենթադրում է ենթակառուցվածքների բարելավում, բուժման բոլոր տեսակների կատարելագործում և մասնագետների թիրախավորված վերապատրաստում։ Նաև հավելել է, որ հայ բժիշկների մասնագիտական հմտությունները և ակադեմիական գիտելիքները բժշկության և գիտության համակցմամբ ֆրանսիական մոդելի ներդրման ամուր հենք կդառնան։ 

 

«Նախարարությունը հռչակել է ուռուցքաբանության ծառայությունները հասանելի, մատչելի և որակյալ դարձնելու ռազմավարություն։ Իմ խորին համոզմամբ` Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավմանը միտված համագործակցությունն արդյունավետ կլինի,-շեշտել է նախարար Լևոն Ալթունյանը` կարևորելով ինչպես ոլորտի նորագույն մեթոդներն ու բուժման առաջատար մոդելները մեր մասնագետներին արագ հասցնելու, այնպես էլ` նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնելու հնարավորությունը։ 

 

«Գյուստավ Ռուսսի ինստիտուտը երկար տարիներ համագործակցում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ` Փարիզում կազմակերպելով մեր մասնագետների վերապատրաստումները, անցկացնելով համատեղ գործնական վարժանքներ և գիտաժողովներ։ Այժմ գնում ենք համագործակցությունը շատ ավելի խորացնելու և մշտական դարձնելու ճանապարհով` նախատեսելով նոր կենտրոնի հիմնում»,-ամփոփելով ճեպազրույցը` ասել է Լևոն Ալթունյանը։

 

Բանախոսները նաև պատասխանել են լրագրողների հարցերին` վստահեցնելով, որ նախանշվող համագործակցությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում բարձրակարգ ծառայություների մատուցման երաշխիք կդառնա։ 

 

Ճեպազրույցից հետո քննարկել են երկարատև համագործակցության ուղղությունները և նախնական ժամանակացույցը։

11.02.17 | քաղաքականություն | մոդա քաղաքականություն