Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Օրենսդրական նախաձեռնություններ՝ կառավարությունում

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելուն: Նկատի ունենալով, որ օրենսդրության մեջ բացակայում է «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը: Միաժամանակ դրա համար ավելի բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից սոցիալական գովազդ տարածելու դեպքում: Այն դեպքերում, երբ գովազդակիրը դատարկ գովազդային վահանակները զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով՝ առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված  տուրքի 10 %-ը: Այս մոտեցումները կնպաստեն նաև համայնքների տարածքներում դատարկ գովազդային վահանակների նվազմանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով  առաջարկվում է սահմանել, որ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամավոր փրկարարները իրենց մշտական աշխատանքային վայրում պահպանում են   իրենց աշխատատեղը և փոխհատուցվում են պետության կողմից:

Օրինագծերը  սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 

 

 

Միջազգային համագործակցություն

 

 

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծն ուղղված է երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:

Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով  սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Հունաստանի  կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ կողմերը միջոցներ կձեռնարկեն խթանելու համագործակցությունը հետազոտությունների և զարգացման, արտադրության, նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտներում:

 

 

11.02.16 | քաղաքականություն