Քրդերը պատրաստ չեն մի կողմ դնել ներկուսակացական հակասությունները նույնիսկ հանուն անկախության գաղափարի

 

Այս պահին քրդերը պատրաստ չեն մի կողմ դնել ներկուսակացական և ներցեղային հակասությունները հանուն մի գաղափարի, եթե այն նույնիսկ վերաբերում է Իրաքյան Քրդստանի անկախությանը: 

 

Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ընդգծելով, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի արդյունքների սառեցումը ցույց է տալիս, որ ինքնավարության իշխանությունները սխալվել են իրենց հաշվարկներում: 

 

Վ. Ոսկանյանի խոսքերով՝ Քիրքուկի կորուստը լրջորեն սրել է քրդերի ներսում փաստացի գործող ուժային երկու կենտրոնների` Էրբիլի և Սուլեյմանիանի, այլ խոսքով` Մասուդ Բարզանիի Քրդստանի դեմոկրատական կուսակցության և Թալաբանիների ընտանիքի ղեկավարությամբ գործող «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության միջև հակամարտությունը, ինչի արդյունքում վերջիններս հայտնվել են հավասար դիրքերում: 

 

Ըստ նրա, եթե այս պահի դրությամբ Բարզանիների իշխանությունը չի վայելում որևէ պետության աջակցություն, ապա Թալաբանիների ընտանիքն Իրանի հետ գործակցության շնորհիվ՝ զգալիորեն բարելավել է իր քաղաքական դիրքերը. «Այսօր ըստ էության ինչ-որ առումով վճռվում է նաև պարոն Բարզանիի ճակատագիրը»: 

 

Իրանագետը նկատեց, որ ստեղծված իրավիճակում մեծ է Իրանի դերակատարությունը: 

 

«Իրանը մեկ կրակոցով երկու թիրախ խոցեց: Նա Թուրքիային և ԱՄՆ-ին ցույց տվեց, թե Իրաքում ում է պատկանում իրական վերահսկողությունը: Հենց իրանամետ ուժերը կարողացան խաղաղ ճանապարհով Քիրքուկը վերադարձնել Բաղդադին»,- ասաց Վ. Ոսկանյանը: 

 

Վերջինիս կարծիքով՝ շատերի համար պարզ էր, որ Քրդական անկախությունն այս պահին ի վիճակի չէ հաջողություն գրանցել՝ թե ներքին, թե արտաքին բազմաթիվ պատճառների առկայությամբ պայմանավորված:  

 

 

 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

27.10.17 | քաղաքականություն | մոդա