Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քիմ Քարդաշյանից մինչև անմոռուկ. պատվիրում են դաջվածքներ, որոնք կարող են տարօրինակ թվալ

Դերասանուհի, նկարչուհի Լիդիա Գրիգորյանը, ով երկար տարիներ է` աշխատում է նաեւ որպես տատու-նկարիչ, այն կարծիքին է, որ եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են, տարածում են գտել ինդիվիդուալ դաջվածքները: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է այսօր տարածված միտումների, տարօրինակ թվացող պատվերների մասին: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհին անդրադարձել է նաեւ իր թատերական գործունեությանը եւ այլ թեմաների:

-Լիդիա, շուրջ տասը տարի է` աշխատում եք որպես տատու-նկարիչ. ժամանակին տատուներն ընդամենը խորհրդանշական սիմվոլներ էին, այսօր արդեն դրանք կարող են արվեստի մասնիկ լինել: Ե՞րբ է տատուն դադարում սովորական պատկեր լինելուց եւ նշանակում ավելին: Այսօրվա եւ տարիներ առաջվա այցելուների պահանջները որքանո՞վ են փոխվել:

-Այսօր արդեն տարածում են գտել ինդիվիդուալ, ոչ ստանդարտ դաջվածքները: Ժամանակին շատ էին դաջում հիերոգլիֆներ ու ինչ-որ գրվածքներ, իսկ հիմա տարածված են անհասկանալի թվացող տատուները, որոնք կարող են ինչ-որ հատուկ բացատրություն չունենալ, բայց լինեն հետաքրքիր, արժեքավոր: Եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են: Բացի այդ` այսօր, ի տարբերություն տարիներ առաջ տիրող իրավիճակի, աղջիկներն այլեւս չեն թաքցնում իրենց դաջվածքները:

Մեր այցելուները երբեմն ցանկություն են հայտնում դաջել իրենց մարմնի վրա սիրելիի անունը: Մենք այդ դեպքում խորհուրդ ենք տալիս երկար մտածել, քանի որ փորձը ցույց է տվել` նրանք հետագայում փոշմանում են եւ ուզում են ջնջել այն: Բացի այդ՝ ասում են` սիրելիի անունը չի կարելի դաջել մարմնի վրա. դա հանգեցնում է բաժանության:

-Արեւմուտքում շոու-բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը տատու ունի. մեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է:

-Մեր շոուբիզնեսցիների շրջանում էլ կա դաջվածք անելու միտում: Նրանք դա ավելի շատ անում են ոչ թե բեմում երեւալու, այլ հենց իրենց, աձնական նպատակների համար:

-Իսկ Ձեր այցելուները երբեմն տարօրինակ պատվերներ չե՞ն տալիս: Կարո՞ղ եք հիշել մի քանիսը:

-Նման դեպքերը շատ են. ամեն մարդ իր աշխարհայացքն ու մտածելակերպն ունի: Կոնկրետ ինձ համար զարմանալի չի եղել, բայց կողքիններս երբեմն զարմացել են, երբ ամերիկահայ աստղի տղա ֆաներից մեկը մեզ պատվիրել է իր մարմնի վրա դաջել Քիմ Քարդաշյանի պատկերը, կամ երբ հատկապես սփյուռքահայերը ցանկացել են ունենալ անմոռուկով դաջվածք:

 

-Դիզայներ-նկարչուհին, ով նաեւ երաժշտական կրթություն ունի, բեմ է բարձրանում, խաղում ներկայացումներում, ստեղծագործական առումով Դուք չեք «անջատվում». այդպես դժվար չէ՞:

-Նկարչական դպրոցում ինձ սովորեցրել են մտածել. այդ հատկությունը շատ է օգնում ինձ դերասանուհու աշխատանքում: Իմ մասնագիտությունները չեն կարող լինել առաջնային եւ երկրորդական. դրանք լրացնում են միմյանց: Բնականաբար, ես շատ կցանկանայի համապատասխան աշխատավարձի դեպքում լիարժեք կերպով զբաղվել մեկ գործով, ներկա պահին` դերասանությամբ, սակայն մեր երկրում նման բան հնարավոր չէ:

-Լիդիա, շատ դերասանուհիներ պարզապես երազում են Ջուլիետի դերի մասին, իսկ Դուք արդեն հասցրել եք այն խաղել: Կա՞ մի կերպար, որ ցանկալի է, սակայն դեռեւս անհասանելի:

-Ասեմ, որ հատուկ չեմ ցանկացել Ջուլիետ խաղալ. այդպես ստացվել է, թեեւ դա անիրական էր թվում: Իսկ, առհասարակ, բոլոր կերպարներն ինձ համար հետաքրքիր են. կապ չունի` դրանք կերտելիս երկու րոպեով, թե երկու ժամով եմ հայտնվում բեմում:

Ձեր ամուսնու` դերասան, նկարիչ Գագիկ Մկրտչյանի հետ աշխատում եք նույն թատրոնում, նույն տատու-սրահում. անընդմեջ իրար հետ աշխատելը երբեմն հոգնեցուցիչ չէ՞:

-Չի եղել այնպես, որ այդ հանգամանքը խոչընդոտի մեր հարաբերություններին. ընդհակառակը, այդ կերպ մենք լրացնում ենք իրար: Օրինակ` ես առանց Գագիկի ինձ լիարժեք չեմ զգում, ես կդժվարանայի աշխատել մի տեղ, որտեղ ամուսինս չկա. նա ուժ է տալիս ինձ…

Աննա Բաբաջանյան

08.11.15 | ժողովածու | աստղերը մոդա