Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքի քաղաքապետ Անդրո Կրստուլովիչ-Օպարայի հետ

                    

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Խորվաթիայի Սպլիտ քաղաքի քաղաքապետ Անդրո Կրստուլովիչ-Օպարայի գլխավորած պատվիրակության հետ:                        

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Սպլիտի քաղաքապետի այցը նաև հրաշալի առիթ է` երկու քաղաքների միջև գործընկերային կապեր հաստատելու համար:

 

«Մենք կարևորում ենք գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը նպաստում է նաև քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելուն: Այս առումով Երևանն ու Սպլիտը ևս կարող են ունենալ որոշակի փոխգործակցություն: Վերջին տարիներին մենք հստակ ծրագրեր ենք իրականացնում քաղաքային տնեսության տարբեր ոլորտներում համաչափ զարգացում ապահովելու նպատակով, ինչպես նաև կյանքի ենք կոչում տարբեր նախաձեռնություններ՝ զբոսաշրջության խթանման և Երևանը «Խելացի քաղաք» հայեցակարգով զարգացնելու ուղղությամբ», — նշել է Տարոն Մարգարյանը:

Սպլիտի քաղաքապետ Անդրո Կրստուլովիչ-Օպարան իր հերթին շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը:

«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ իմանաք, որ չորս ամիս առաջ եմ ընտրվել Սպլիտի քաղաքապետ և այս պաշտոնում սա իմ առաջին արտերկիր կատարվող այցն է: Համոզված եղեք, որ եկել եմ սիրով և առաջին անգամ լինելով Երևանում` նաև պետք է խոստովանեմ, որ արդեն հասցրել եմ զգալ Երևանի ու քաղաքի բնակիչների հյուրընկալությունը և ջերմությունը: Ուրախ եմ, որ ի դեմս Ձեզ` Երևանը հանդես է գալիս տարբեր քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման պատրաստակամությամբ, և վստահեցնում եմ, որ մենք ևս շահագրգիռ ենք այդ հարցում ու կանենք հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու քաղաքների միջև հաստատենք սերտ և փոխշավետ համագործակցություն, այդ թվում նաև Եվրոպական ծրագրերի շրջանակում, որի փորձն արդեն մենք միասին ունենք», — նշել է Սպլիտի քաղաքապետը: 

Շնորհավորելով քաղաքապետ ընտրվելու և շնորհակալություն հայտնելով արտերկիր առաջին այցը Երևան կատարելու համար`  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առիթն օգտագործելով, Անդրո Կրստուլովիչ-Օպարային և պատվիրակության անդամներին սիրով հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:

 

13.10.17 | քաղաքականություն