Քաղաքապետարանի աշխատակիցներն ոստիկանների պահանջներին չենթարկվելով, քանդել են քաղաքացիների կիսակառույց տները (տեսանյութ)

Henaran.am-ի խմբագրությանը  դիմած քաղաքացին՝ Վարդան Քալանթարյանը նշում է, որ երբեք չէր պատկերացնում, որ հայ մարդը կարող է քանդել նոր կառուցված տունը:

 

«Իմ հանդեպ «արյունոտ կիրակի» իրականացվեց, սրտիցս արյուն է հոսում, որովհետև կատարվածը աննախադեպ էր ու իր մեջ կրում էր վանդալիզմի բոլոր տարրերը»,-նշեց Քալանթարյանը:

 

Վարդան Քալանթարյանը պատմեց իր հետ կատարվածի մասին և նշեց, որ նամակով դիմել է ՀՀ վարչապետին, պատրաստվում է դիմել նաև ՀՀ նախագահին և հավատում է, որ երկրի ղեկավար մարմինները կօգնեն իրեն:

 

«2017 թվականին ես և իմ ընկերները վաճառելով մեր բնակարանները: Մալաթիա-Սեբաստիա համայնքի հաղթանակ թաղամասում ձեռք ենք բերել հողակտոր, այնուհետև այն բաժանելով փոքրիկ  հողակտորների վրան կառուցել ենք երկհարկանի երեք առանձին շինություններ (տներ): Նշեմ, որ այդ հողակտորները սեփականության իրավունքով պատկանում են  մեզ, սակայն շինարարական աշխատանքները իրականացրել ենք առանց համապատասխան թույլտվության: Ես միշտ գիտակցել եմ, որ թույլտվության համար պետք է դիմեմ քաղաքապետարանին, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով ուշացրել եմ դա: Մենք պատրաստվում էինք կառուցել տանիքները և ձմռեռնամուտը դիմավորել այդ տներում, քանի որ այլ տեղում բնակվելու հնարավորություն չունենք»,-պատմեց Վարդան Քալլանթարյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ սույն թվականի հոկտեմբերի 7-ին՝ շաբաթ օրը, որը ոչ աշխատանքայի օր էր նրան  զանգահարում  է շինարարությունում աշխատող անձանցից մեկը և հայտնում , որ շինարարներին են մոտեցել մի խումբ անձինք և ներկայանալով , որպես քաղաքապետարանի աշխատակիցներ հայտարարել են, որ եկել են քանդելու վերոհիշյալ տները:

 

«Ես շտապ հասա այնտեղ և մոտեցա  անձանց, ովքեր ներկայացան, որպես քաղաքապետարանի աշխատակիցներ: Այդ մարդիկ ինձ հայտնեցին տները քանդելու մասին: Ես փորձեցի հասկանալ, թե ինչ հիմքով են քանդում ինձ սեփականության իրավունքով տրված հողի վրա կառուցված տունը և ով է նման հանձնարարություն տվել: Վերջիններս որևէ իրավական փաստաթուղթ չներկայացրեցին, որը կհավաստեր իրենց կողմից կատարվելիք գործողությունների օրինականությունը և ասացին, որ քանդում են բանավոր հանձնարարությամբ: Չհայտնեցին անգամ, թե դա ում հանձնարարությունն է»,-մանրամասնեց քաղաքացին:

 

Վարդան Քալանթարյանը հայտնեց, որ ինքը բազմիցս անգամ փորձեցի զրուցել քաղաքապետարանի աշխատակիցների հետ և հորդորել նրանց, որ չքանդեն արդեն պատրաստի տները, որ դա վանդալիզմ է և մարդկանց դրդում է լքել հայրենիքը, որ ինքը պատրաստ է հակառակ դեպքում տարածք զիջել որևէ անապահով ընտանիքի, սակայն բոլոր հորդորները զուր են եղել:

 

« Պահանջեցի նրանցից, որ արձանագրություն տրամադրեն, կամ որևէիցե իրավական փաստաթուղթ, որը կհավաստեր իրենց գործողությունների օրինական լինելը: Ասացի, որ ինձ սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ շինությունը քանդելու որոշում կարող է կայացնել միայն դատարանը, սակայն ապարդյուն: Ես նրանց խնդրեցի՝ չքանդել տները և բացատրեցի, որ շուտով ձմեռ է և միակ կացարանը մեր տներն են ու քանդելու դեպքում մենք կհայտնվենք փողոցում: Հավելեցի նաև, որ ես պատրաստ եմ վճարել օրենքով նախատեսված ծախսերը, սակայն դա ևս անտեսվեց:Այլ տարբերակ չտեսնելով ես դիմեցի իրավապահ մարմիններին, ահազանգելով «1-02»: Ոստիկանության աշխատակիցները եկան դեպքի վայր և պահանջեցին քաղաքապետարանի աշխատակիցներից ներկայացնել իրենց գործողությունները հավաստող որևէ փաստաթուղթ: Վերջիններս հայտարարեցին, որ ոչ մի փաստաթուղթ չունեն և գործում են բանավոր հանձնարևարությամբ:

 

Ոստիկանության աշխատակիցները պահանջեցին, որ քանդման տեխնիկան դուրս բերեն մեզ պատկանող սեփական տարածքից, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին շարունակեցին քանդել տները և միայն հոկտեմբերի 8-ին, կիրակի օրը վերջնականապես հողին հավասարեցրեցին մեր տները»,-պատմեց Վարդան Քալանթարյանը:

 

Վարդան Քալանթարյանը ընդգծեց, որ սիրում է իր հայրենիքը և չի ուզում գաղթական դառնալ:

 

«ՀՀ նախագահից և վարչապետից ակնկալում եմ օբյեկտիվ որոշում:Մենք բավականին մեծ գումարների վնաս ենք կրել ու փաստացի հայտնվել փողոցում»,-հավելեց Վարդան Քալանթարյանը:

 

 

 

26.10.17 | քաղաքականություն