Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում պետք է ներառվի պետություններին պատասխանատվության ենթարկելու կարևոր դրույթը

 





«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման մասին միջազգային կոնվենցիան մի քանի կարևոր դրույթներով լրացնելու անհրաժեշտություն կա»,- համոզված է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: 

 

Ըստ նրա՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում բացակայում են պետություններին պատասխանատվության ենթարկելու, տուժածների իրավունքները վերականգնելու, մշակութային ցեղասպանությունը կանխարգելելու մասին դրույթները, որոնք չափազանց կարևոր են արդարությունը վերականգնելու և ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից: 

 

«Կոնվենցիայում խոսվում է միայն անձերին՝ պետական պաշտոնյա, քաղաքական գործիչ և այլն,  պատասխանատվության ենթարկելու մասին, մինչդեռ պետությունն է իրականում իրականացնում այդ ցեղասպանությունն իր բանակի, ոստիկանության և ահաբեկչական խմբերի միջոցով»,- ընդգծեց Է. Միանսյանը: 

 

Վերջինիս խոսքերով՝ վերոնշյալ կոնվենցիայում երկրորդ բացթողումը տուժածների՝ առաջին հերթին բռնագաղթվածների իրավունքների վերականգնելու մասով է, երբ հստակեցված չէ այդ անձանց տարածքային, նյութական և բարոյական փոխհատուցում տալու, նաև սեփական հայրենիք վերադառնալու խնդիրը: 

 

«Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ բացի բռնագաղթից, այսօր նույն Թուրքիայում իրականացվում է մշակութային ցեղասպանություն, այլ կերպ ասած էթնիկ ժառանգության ոչնչացման քաղաքականություն, որն իրավական տեսանկյունից ամրագրված չէ փաստաթղթում»,- նկատեց պատմաբանը՝  շեշտելով, որ բացի թվարկված բացթողումներից, կոնկրետ Հայաստանն ունի նաև պահանջատիրության խնդիր: 

 

Է. Մինասյանի կարծիքով, թե Սիրիայում, թե Թուրքիայում Քեսաբի բնակչության, թե Մերձավոր Արևելքում եզդիների նկատմամբ իրականացված վերջին գործողությունները ցույց են տալիս, որ ցեղասպանությունները սովորական երևույթ են դարձել, իսկ ցեղասպան պետությունները չեն պատժվում, հետևաբար Ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում պետք է միջազգային համախմբում լինի, այն էլ ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների մակարդակով: 

 

 

 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

 

11.12.17 | քաղաքականություն | մոդա քաղաքականություն