Տուրիզմի շնորհիվ, տարեցտարի Երևանն ավելի ճանաչված, սիրված ու նախընտրելի ուղղություն է դառնում միջազգային հարթակներում.Քաղաքապետ

Զբոսաշրջության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,

 





ջերմորեն շնորհավորում եմ Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը քաղաքային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է և ուրախալի է, որ տարեցտարի Երևանն ավելի ճանաչված, սիրված ու նախընտրելի ուղղություն է դառնում միջազգային հարթակներում, ինչի մասին է վկայում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների թվի աճը: Այս ոլորտում վերջին տարիներին գրանցված հաջողությունների շարքում առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստանի մայրաքաղաքը միաժամանակ հայտնվեց հեղինակավոր մի քանի վարկանիշային աղյուսակներում՝ գերազանցելով տարածաշրջանային և եվրոպական զարգացած մի շարք քաղաքների, այդպիսով նաև գրավելով միջազգային հանրության, զբոսաշրջիկների և ներդրողների ուշադրությունը:

 

Սրանք, անշուշտ, կարևոր ձեռքբերումներ են, որոնց կայուն պահպանման և զբոսաշրջային հոսքերի ավելացման ու ոլորտի զարգացման նպատակով մենք շարունակելու ենք զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներն ու անել առավելագույնը, որպեսզի Երևանը դարձնենք էլ ավելի հարմարավետ, գեղեցիկ ու գրավիչ:

 

Հաջորդ տարի մենք նշելու ենք համայն հայության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչը լավ առիթ է մեր սիրելի քաղաքն իր ողջ հմայքով ու առավելություններով աշխարհին պատշաճ ներկայացնելու համար: Ու ես վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում, մենք կարո՛ղ ենք արժանիորեն ներկայանալ աշխարհին՝ գրանցելով նորանոր հաջողություններ մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և ոլորտի զարգացման ուղղությամբ:

 

Մեկ անգամ ևս շնորհավորելով ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ՝ բեղմնավոր գործունեություն ծավալելու և հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու համար: 

 

 

 

Տարոն Մարգարյան

 

Երևանի քաղաքապետ     

27.09.17 | քաղաքականություն