Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն:

 

«Նմանատիպ միջոցառումներն ընդգծում են մեր քաղաքի հյուրընկալությունը և ջերմություն են փոխանցում մայրաքաղաքի հյուրերին: Ակցիան նպատակ ունի զբոսաշրջիկներին հենց օդանավակայանից ուղղորդել մայրաքաղաքի առավել հետաքրքրաշարժ զբոսաշրջային վայրեր և իրազեկել մշակութային հաստատությունների, հուշարձանների, ինչպես նաև քաղաքում գործող առավել գրավիչ ծառայությունների մասին», — նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Նշենք նաև, որ նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքապետարան — մասնավոր հատված համագործակցությամբ: Նախաձեռնությանն աջակցել են «Երևան քարտ», «Արմենիա Փաս» կազմակերպությունները, «Տուրինֆո» զբոսաշրջային ամսագիրը:

27.09.17 | քաղաքականություն | ֆուտբոլ