Տիկնիկի արտաքին ունեցող հայ մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ պլաստիկ վիրահատությունների մասին

Իր արտաքինի շնորհիվ համացանցում ճանաչում ձեռք բերած Լիլիթ Մարտիրոսյանն իր քայլերը վերջերս է սկսել մոդելային եւ նորաձեւության աշխարհում:

Մասնագիտությամբ իրավագետ, դերասանուհի եւ լրագրող Լիլիթը պատրաստվում է շարունակել ուսումը` մասնագիտանալով նաեւ նորաձեւության եւ երաժտության ասպարեզներում. «Այս ամենը կյանքիս շարժիչ ուժն է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Լիլիթը, որի հետ խոսեցինք նաեւ իր արտաքինի, պլաստիկ վիրահատությունների եւ հակառակ սեռի իր իդեալի մասին: 

-Լիլիթ, ինչպե՞ս սկսեցիք Ձեր քայլերը նորաձեւության աշխարհում: 

-Նորաձեւությունը արյանս մեջ է… Բազում եւ բազմապիսի առաջարկներ եմ ստանում այս ոլորտում, սակայն վերջերս, չգիտես` ինչու, այդ բոլոր առաջարկներն ինձ էժանագին եւ մանր են թվում: Միգուցե նրանից է, որ Հայաստանում ամեն ինչ բարգավաճելու փոխարեն հետ է գնում: Միջակությունն ինձ հետաքրքիր չէ: 

-Ձեր արտաքինի շնորհիվ հաճախ Ձեզ տիկնիկի են նմանեցնում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման համեմատություններին: 

-Դա սովորական երեւույթ է ինձ համար` դեռ մանկուց: Երբեք որեւէ ջանք չեմ գործադրել տիկնիկի նմանվելու համար: Պարզապես, ես այսպիսին եմ:

-Նայելով Ձեզ` շատերի մոտ կարծիք է ստեղծվում, թե Ձեր արտաքինում կատարել եք որոշակի պլաստիկ միջամտություններ… 

-Երբեւէ պլաստիկ միջամտությունների չեմ դիմել: Մարդկանց մոտ, պարզապես, թյուր կարծիք է ստեղծվել, որ եթե կինն ունի գեղեցիկ մարմին, հատ շուրթեր ու ընդգծված  դիմագծեր, ուրեմն նա պարտադիր դիմել է որեւէ միջամտության: Բայց, չէ՞ որ, մարդը կարող է ծնվել գեղեցիկ, ինչին նպաստում են գեներն ու բնությունը, ոչ թե բժիշկները:

Գոյություն ունի ֆիթնես, որի միջոցով կարող ես ձեռք բերել  գեղեցիկ մարմին, եւ, վերջապես, գոյություն ունեն գեղեցկության գաղտնիքներ… ես սիրում եմ փորձարկումներ անել իմ արտաքինում: Նույնիսկ հագուստը կրելու ճիշտ ձեւ ունի, ինչի միջոցով կարող ես ստանալ գեղեցիկ կառուցվածք, սակայն այս հմտություններին շատ քչերն են տիրապետում: 

-Իսկ, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում պլաստիկ վիրահատություններին: 

-Պլաստիկ վիրահատություններին երբեւէ դեմ չեմ եղել: Եթե մարդն իրոք ունի դրա կարիքն ու հնարավորություն ունի կատարելու այդպիսի միջամտություններ, ուրեմն` ինչո՞ւ ոչ…Աշխարհում դա շատ սովորական երեւույթ է դարձել: Շատ մարդկանց կյանքեր են փոխվում պլաստիկ վիրահատությունից հետո: Պետք չէ ասել, թե այն, ինչ տվել է բնությունը, դա է ճիշտ: Մենք ապրում ենք առաջին եւ մեկ անգամ, պետք է օգտվել ամեն ինչից: 

Լիլիթ, տղամարդկանց կողմից մեծ ուշադրություն եք վայելում: Հետաքրքիր է` արդեն կատարե՞լ եք Ձեր ընտրությունը: 

-Իհարկե, անչափ հաճելի է արական սեռի կողմից այդքան մեծ ուշադրությունը: Հաճախ դրսում հնարավոր չէ քայլել հենց այդ ուշադրության պատճառով… Առավել հաճելի է, երբ կանայք ու երեխաներն են ինձ հաճոյախոսում: Կարծում եմ` այս աշխարհում ամեն ինչ է արվում հակառակ սեռի համար: Ես միշտ սիրահարված եմ… այս երեւույթն ինձ ուժ է տալիս ստեղծագործել: Պետք է սիրել, հարգել եւ մեծարել տղամարդկանց, նրանք մեր շարժիչ ուժն են: Բայց սիրտս ազատ է… (ժպտում է): 

-Կա՞ որեւէ տղամարդ, ում իդեալ եք համարում: 

-Կողքիս պատկերացնում եմ միայն նրա պես տղամարդու 🙂 (ցույց է տալիս ՌԴ նախագահ Վ. Պուտինի լուսանկարը): Նա իմ իդեալն է:

Եթե տղամարդու կողքին  յուրահատուկ եւ տարբերվող կին է, դա արդեն խոսում է իր ուժեղ լինելու մասին: Չեմ կարող շփվել այն տղամարդու հետ, ում մեջ չկա բարություն: Սիրում եմ, երբ տղամարդիկ լինում են խենթ, կրեատիվ եւ տարօրինակ… 🙂

Տղամարդ` չի նշանակում, պարզապես, արական սեռ… 

Սյունե Առաքելյան

11.11.15 | լուսանկար | աստղերը մոդա քաղաքականություն