Տեսաժողով «Արևմտահայերենի վտանգ¬վածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով

 






Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի Հայկազյան համալսարանի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ տեղի ունեցավ «Արևմտահայերենի վտանգ¬վածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով տեսաժողով` ուսուցիչների, լեզվաբանների, մտավորականների մասնակցու¬թյամբ (միացումը Բեյրութի Հայկազյան համալսարանից):

 

Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, սիրիահայ հայրենադարձ լեզվաբան Հակոբ Չոլաքյանը, ԵՊՄՀ Սփյուռք գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Բեյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի ուսուցչուհի Նորա Թաշչյան-Սարաֆյանը, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ համալսարանի տնօրեն Հասմիկ Խալափյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսուցիչ Անի Ֆիշենկճեանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, լեզվաբաններ, ուսուցիչներ:

Լիբանանից հեռավար քննարկմանը մասնակցում էին Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, Անթիլիասի արևմտահայերենի կենտրոնի պատասխանատու Ժիրայր Դանիելյանը և Անթիլիասի դպրեվանքի ուսուցչուհի Գեղանի Էթիմեզյան, Հայ ավետարանական քոլեջի փոխտնօրեն Արմեն Յուրնեշլյանը, Հայկազյան համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Հակոբ Յակուբյանը, Մեսրոպեան բարձրագույն վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք՝ նոր ձևաչափով ևս մեկ անգամ քննարկելու արևմտահայերենի պահպանման խնդիրները և գտնելու լուծումներ: Մայրենի լեզվի պահպանումն ու տարածումը Սփյուռքի նախարարության գերակա խնդիրներից է, և այս տեսաժողովը ևս կազմակերպվել է մեր նախաձեռնությամբ իրականացված Մայրենիի շաբաթվա միջոցառումների շրջանակում: Քանի որ Լիբանանը Արևմտահայերենի պահպանման միջնաբերդն է, նրա զարկերակն ու ոգին, մենք որոշեցինք հեռակապով մեր մտահոգությունները կիսել ձեզ հետ, գտնել առկա խնդիրների իրատեսական լուծումներ:

Նախարարը ներկայացրեց այն ծրագրերն ու ձեռնարկները, որոնք նախարարությունը իրականացնում է` համագործակցելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների և մասնագետների հետ: Նա կարևորեց արևմտահայերենի դասավանդումը նաև Հայաստանում, քանի որ ի դեմս սիրիահայերի` շուրջ 20 հազար արևմտահայերենի կրողներ են հաստատվել Հայաստանում, որը հայոց լեզվի երկու ճյուղեղրի մերձեցման հնարավորություն է ընձեռել:

«Այո, արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է վտանգված լեզու, կարծում եմ, պետք է միասնական ուժերով ստեղծենք արևմտահայերենի փրկության ծրագիր և հետևողականորեն իրականացնենք այն` ունենալով պետության և համահայկական, հոգևոր կառույցների աջակցությունը»: 

Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում. Արևմտահայերեն է դասավանդվում Հայաստանի մի շարք բուհերում, ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործում է արևմտահայերենի բաժինը: Ակտիվ գործունեություն են ծավալում ԵՊՄՀ Սփյուռք գիտակրթական կենտրոնը, ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը: Սփյուռք ամառային դպրոցում գործում է արևմտահայերենի արագացված ուսուցման դասընթացը, ստեղծվել են երեք փորձնական այբենարան և ընթերցարան, նախարարության «Հայերն այսօր» պարբերականը միակ պաշտոնական կայքն է, որ ունի արևմտահայերեն տարբերակ, նախարարության պատվերով ստեղծվել և գործում է «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը: Վերջերս մեր աջակցությամբ ստեղծվեց արևմտահայերեն մանկապատանեկան «Հայկաշխարհ» կայքը: Կազմակերպվել է խնդրին նվիրված երկու գիտաժողով, ստեղծվել է 3 աշխատանքային խումբ: Կառավարության առջև հարց ենք բարձրացրել` ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ, որը կզբաղվի և’ արևելահայերենի, և’ արևմտահայերենի խնդիրներով»:

Նախարարը առաջարկեց հայագիտական առարկաների` մասնավորապես հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք նպատակահարմար կհամարվեն սփյուռքյան դպրոցների համար՝ թագմանել արևմտահայերեն և հրատարակել: 

Քննարկվեցին Արևմտահայերենի վտանգվածությանը, դպրոցական դասագրքերի լեզվական վիճակին, դասավանդման որակին, լեզվական ընդհանրականությանը վերաբերող խնդիրներ:

Կարևորվեց Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցման, հեռահար ուսուցման հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտությունը, նոր դասագրքերի ստեղծումը: 

Արվեցին մի շարք առաջարկություններ: Որոշվեց հաջորդ տեսաժողովը կազմակերպել մայիսին:

 

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն