Տեղի է ունեցել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ» ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի առաջին նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ» ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի առաջին նիստը:

 

Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը, գլխավոր մասնագետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակագիտական առարկաների ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը, նույն ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Յուրա Գրիգորյանը և ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ժորա Բաղդասարյանը: 

 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագիր ունենալը շատ կարևոր և արդիական է: Այս մասին կա ՀՀ կառավարության հստակ հանձնարարականը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Մեր աշխատանքային խումբն աշխատելու է ծրագրի մշակման և ներդրման ուղղությամբ»,- ասել է Լ. Վահրադյանը:

 

Ներկաները հաստատել են իրենց հետագա աշխատանքների ձևաչափը, քննարկել են կազմակերպվելիք միջոցառումների չափորոշիչները, գնահատման համակարգը և այլն: Որոշվել է ուսումնասիրել նախկինում կատարված նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունների հիման վրա հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

 

Որոշվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ» ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստերը հրավիրել 15-օրյա պարբերականությամբ:

 

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. հունվարի 17-ին:

21.12.16 | քաղաքականություն