Տեղի է ունեցել նախարար Հրաչյա Ռոստոմյանի հաշվետու ասուլիսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշվետու ասուլիսի ժամանակ խոսել է իր պաշտոնավարման ընթացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերի մասին՝ ներկայացնելով թվային տվյալներ՝ ինչպես սպորտի բարձրագույն նվաճումների, մասսայական սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքների, այնպես էլ սպորտի ոլորտում իրականացված մասնավոր ներդրումային նախագծերի և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ:

 

Նախարարն անդրադարձել է հատկապես մասսայական սպորտի ոլորտում կատարված աշխատանքներին՝ նշելով, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2017 թվականին իրագործվող 6 նոր ծրագրերի շնորհիվ մարզական մասսայական ծրագրերում ընդգրկված մասնակիցների թիվը մինչև տարեվերջ կհասնի 113 հազարի: «Ես ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մեր նախարարության կողմից իրականացվող մարզական մասսայական միջոցառումներին մասնակցող անձանց թիվը գրեթե կրկնակի կավելանա: Այդ միջոցառումներին մասնակցում են բոլոր տարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչները»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

 

Նախարարը ներկայացրել է նաև սպորտի բարձրագույն նվաճումների ոլորտում մեր մարզիկների ձեռքբերումները՝ ասելով, որ պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների ՀՀ հավաքական թիմերի մարզիկները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 147 մեդալ, այդ թվում՝ 30 ոսկե, 34 արծաթե և 83 բրոնզե մեդալ, ինչպես նաև ձմեռային ունիվերսիադայի 1 բրոնզե մեդալ:

 

Հրաչյա Ռոստոմյանը, խոսելով երիտասարդական պետական քաղաքականության ոլորտի մասին, կարևորել է 2016 թվականից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթը, որն այս տարի կրում է համահայկական բնույթ, և որին մասնակցելու հնարավորություն ունեն նաև սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները: «Այս ծրագիրն իրականացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, երիտասարդներին մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով»,- ասել է նախարար Ռոստոմյանը:

 

 

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն