Տարոն Մարգարյան. «Քաղաքացու առողջության պահպանմանը միտված ցանկացած ծրագիր մեր կողմից մշտապես ողջունվել ու կարևորվել է»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանայի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում միջազգային գործընկեր կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Բացառություն չէ նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը, որի հետ համատեղ մի շարք հաջողված ծրագրեր են կյանքի կոչվել: 

 

«Մենք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ և ողջունում ենք գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակների ընդլայնումը: Քաղաքացու առողջության պահպանմանը միտված ցանկացած ծրագիր մեր կողմից մշտապես ողջունվել ու կարևորվել է և, ըստ այդմ, վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստակամ ենք աջակցել նաև Երևանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի արդյունավետ իրականացմանը», — նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով համագործակցության պատրաստակամությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ծրագրի մանրամասներն ու ակնկալվող արդյունքները:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի համագործակցության շրջանակն ու կնախանշի քայլերի հաջորդականությունը: 

 

24.02.17 | քաղաքականություն