Տարոն Մարգարյան. «Երևանի զարգացման քառամյա ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար առկա են բոլոր նախադրյալները»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները: Քննարկումը ծավալվել է Երևանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման և եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման և մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ:

 

Ողջունելով կառավարության ղեկավարին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական ձեռքբերումները, որոնք Երևանն ունեցել է վերջին տարիներին, և այն հիմնախնդիրները, որոնք առաջնահերթ են դարձել մայրաքաղաքի բնակիչների համար:

«2017 թվականը, ըստ էության, Երևան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքի հիման վրա 2013 թվականին ընդունված քառամյա զարգացման ծրագրի ավարտական տարին է, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ծրագիրն ամբողջությամբ կատարելու համար: Այս ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել ճանապարհաշինության, բնակելի ֆոնդի պահպանման, վթարային շենքների բնակիչների վերաբնակեցման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման, կանաչ տարածքների ընդլայնման, աղբահանության և սանիտարական մաքրման, կրթամշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների ջեռուցման, վերանորոգման, գույքի թարմացման և այլ ուղղություններով: Շատ հիմնախնդիրների լուծումներ էլ ընթացքի մեջ են, որոնց որոշ մասը նաև իրականացնում ենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցված», — նշել է քաղաքապետն ու նկատել, որ կատարված աշխատանքների ծավալով և որակով է պայմանավորված նաև այն, որ այսօր երևանցիների համար փոխվել են խնդիրների առաջնահերթությունները, որոնք բացահայտվում են նաև պարբերաբար անցկացվող սոցիալական հարցումների միջոցով:

«Ներկայումս առաջնահերթ են մասնավորապես հասարակական տրանսպորտի համակարգային փոփոխությունները, վերելակային տնտեսության արդիականացման և միջազգային չափորոշիչներին համապատասխան շահագործման խնդիրը, մաշված բնակելի ֆոնդի վերանորոգման և պահպանման խնդիրը, ներառյալ նոր առաջացող վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը, ինչպես նաև կանաչ տարածքների ավելացումը: Նաև նշեմ, որ բոլոր այս ուղղություններով, բնականաբար, քաղաքապետարանը նախաձեռնել է նախապատրաստական աշխատանքներ, սակայն դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է համայնք-պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության շրջանակներում: Բացի այդ, հաշվի առնելով մասնավոր ընկերության կողմից աղբահանության ոլորտի կառավարման հաջող փորձը՝ մշակել ենք նաև փաթեթներ՝ կանաչապատման, ջրամատակարարման, քաղաքային լուսավորության բնագավառներում ևս մասնավոր կառավարիչներ ներգրավելու վերաբերյալ: Քննարկում ենք նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում նշված և այլ ուղղություններով պիլոտային ծրագրերի իրականացման հնարավորությունները», — ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ բոլոր այս ուղղություններով նախատեսված ծրագրերը կդրվեն 2017թ. ներկայացվելիք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում:

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին նախ ողջունել է Երևանի քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու և մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձևավորել բյուջեն և ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը: 

«Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել և կարևոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», — ասել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է բնապահպանության, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համաչափ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այդ ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններն ու նախատեսվող քայլերը: Կամո Արեյանը նշել է, որ էական հաջողություն է արձանագրվել գործարար միջավայրի բարելավման առումով. արդյունավետ գործում է «մեկ պատուհան» ծառայությունը, նվազել են շինարարական թույլտվությունների համար սահմանված տուրքերը, կրճատվել է շինարարական փաստաթղթերի տրամադրման ժամկետը, գործարկվել է էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը: Առաջընթաց է արձանագրվել նաև արտաքին լուսավորության ոլորտում. 10 փողոցում տեղադրվել է 2086 նոր լուսատուների LED համակարգ, որը 60 տոկոս էլեկտրաէներգիայի տնտեսում է տալիս: Կանաչապատման աշխատանքների արդյունքում վերջին 4 տարում Երևանում էապես ավելացել է կանաչ տարածքների ծավալը: Չնայած դրան՝ անհրաժեշտ է ստեղծել բուֆերային անտառային գոտի, և այդ նպատակով արդեն բանակցություններ են տարվում որոշ ընկերությունների հետ: Նախատեսվում է ձևավորել մոտ 200 հա անտառային գոտի՝ մոտ 10-11 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրումով:

Անդրադառնալով վերելակային տնտեսության խնդիրներին՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտի վերազինումը, կառավարումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի մեկ օպերատորի կողմից: Աշխատանք է տարվում վերելակային տնտեսության բարեփոխման ուղղությամբ: Իսկ բնակֆոնդի պահպանման աշխատանքների առումով նշվել է, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը պահպանման խնդիր ունի, և յուրաքանչյուր տարի լուրջ ներդրումներ են հատկացվում այդ նպատակով:

Ներկայացնելով Երևանի բյուջեի եկամուտների դինամիկան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2013-2016 թթ. քաղաքի սեփական եկամուտներն աճել են 16.4 տոկոսով կամ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամով։ Երևանի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ՀՀ համայնքների սեփական եկամուտների կազմում 56.7 տոկոս է, իսկ մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտները կազմում են 18 հազ. ՀՀ դրամ։ 2017թ. սեփական եկամուտները ծրագրվել են նույն տրամաբանությամբ: 2016 թ. Երևանում իրականացվել են շուրջ 125 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ, որից 77 տոկոսը՝ մասնավոր ներդրումների, 17.8 տոկոսը՝ պետական բյուջեի, իսկ 5.2 տոկոսը՝ համայնքային բյուջեի հաշվին և համայնք-մասնավոր համագործակցության այլ ծրագրերի հաշվին: 2017 թ. կանխատեսվում են շուրջ 171 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ: Բացի այդ, ներդրումային միջավայրի աշխուժացման նպատակով քաղաքապետարանը հրապարակել է 45 ներդրումային առաջարկ, որոնք վերաբերում են քաղաքաշինության, քաղաքային ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներին. գնահատված ներդրումային ծավալը կազմում է շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար:

Վահե Նիկոյանի խոսքով՝ գործող օրենսդրական բազայի պայմաններում սեփական եկամուտներն օբյեկտիվորեն այլևս աճելու հնարավորություն չունեն, ինչպես նաև առկա է ինքնուրույն որոշումների կայացման և երկարաժամկետ ծրագրերի մշակման սահմանափակ հնարավորություն։ Հաշվի առնելով այս խնդիրները՝ Երևանի բյուջետային գործընթացի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել և 2016 թ. տարեվերջին ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Վարչապետի հարցին՝ արդյոք ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը հնարավորություն կտա՞ քաղաքում էական բարեփոխումներ իրականացնելու բեռը վերցնել, Վահե Նիկոյանը պատասխանել է, որ, օրինակ, հանրային տրանսպորտի և վերելակային տնտեսության բարեփոխման ծրագրերը մոտավոր գնահատմամբ արժենալու են շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար, և համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում վարկունակության ռեզերվը կմեծանա, հնարավոր կլինի այդ բեռը վերցնել:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ անդրադարձել է մշակույթի և կրթության ոլորտներին՝ ներկայացնելով ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը: Կարեն Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև մայրաքաղաքում զբոսաշրջության խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը համակարծիք է եղել Երևան քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ծրագրերում մասնավոր կառավարիչների ներգրավման առաջարկությանը: 

«Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատև պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու», — ասել է գործադիրի ղեկավարը: 

Կարևորելով Երևանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է. 

«Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, և քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:

Խոսելով Երևանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոներից և մշակութային միջոցառումներից, մշակել նաև այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը: 

«Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլև բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին», — նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

 

 

22.02.17 | քաղաքականություն | մոդա