Տավուշի մարզում բացվել է Տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը

Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ, Իջևանում կազմակերպեց Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: 

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը դեռևս տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի բոլոր մարզերում զարգացման և հետազոտության կենտրոնների հիմնման մտադրության մասին: Հետազոտության կենտրոնները յուրատեսակ կառույցներ են, որոնք տեղի երիտասարդների ներգրավման միջոցով միտում ունեն կրթելու տեղական համայնքներին և հնարավորություն տալու նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին: 

 





Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը։ 

«Այսօր զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, և մեր երկրի համար կարևորագույն և արդի թեմաներից մեկը:  Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի բազմաթիվ գեղեցիկ ու դեռևս չբացահայտված վայրեր, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս կենտրոնը կունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման մեջ», — իր բացման խոսքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:  

«Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին հայտնաբերելու իրենց տարածքի զբոսաշրջության գոհարները և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ կենտրոնի հիմնումը կարևոր քայլ է տեղի երիտասարդության համար ներգրավվելու և հնարավորություն ունենալու իրականություն դարձնել տուրիզմի զարգացմանը վերաբերող իրենց նոր գաղափարները», — ասաց Դմիտրի Մարիասինը։ Նա նաև նշեց, որ նորաբաց կենտրոնի կողմից մշակված նորարար լուծումները կխթանեն զբոսաշրջության զարգացմանը: 

«Կրթություն բառը բազմաթիվ նշանակություներ է ձեռք բերել արդի հասարակությունում, սակայն կրթության ամենակարևոր բաղադրիչներից է մնում լսարանում ստացած գիտելիքի գործնական կիրառումը իրական պայմաններում: Այս կենտրոնը երիտասարդներին տալիս է այդ հնարավորությունը՝ փորձելու, ինչու ոչ սխալվելու և ի վերջո հաջողելու», — իր խոսքում նշեց կրթության և գիտության նախարար Դավիթ Սահակյանը: 

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար, զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար: 

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան նաև հանդիպել կենտրոնի երիտասարդ աշխատակիցներին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտներն են և զրուցել նրանց աշխատանքի և ապագա պլանների մասին: Բացման արարողությունից հետո տեղի ունեգավ հանդիպում TEDx-ի խոսնակների հետ և Էմփիրեյ խմբի համերգը: 

 

08.11.17 | քաղաքականություն | քաղաքականություն