Տասներեք հետաքրքիր փաստ Էյֆելյան աշտարակի մասին

Էյֆելյան աշտարակը Փարիզի` աշխարհի ամենառոմանտիկ քաղաքի գլխավոր խորհրդանիշն է: Ամեն մարդ գոնե նկարում տեսել է այդ տեսարժան վայրը, իսկ ինչ գիտենք դրա մասին: Ներկայացնում ենք 13 փաստ հայտնի աշտարակի մասին: 

1. Էյֆելյան աշտարակի կառուցման վրա 300 բանվոր է աշխատել: Կառույցը բաղկացած է 18038 երկաթյա տարրից, ունի 2,5 մլն դուրգամ: Կառույցի ամբողջական զանգվածը 10000 տոննա է, ի սկզբանե աշտարակի բարձրությունը 300,65 մետր էր (ինքը` Էյֆելը դա ուղղակի «երեք հարյուր մետրանոց աշտարակ» էր կոչում), իսկ ներկայումս` նոր ալեհավաքով 324 մետր է:

2. Շոգին Էյֆելյան աշտարակը «աճում է» մոտավորապես 15 սանտիմետրով: Ինչպես հիշում ենք ֆիզիկայի դպրոցական դասընթացից, տաքացման դեպքում մետաղն ընդլայնվում է: 

3. Աշտարակի մաքրությանը հետեւող աշխատակիցներն ամեն տարի 400 լիտր լվացող միջոցներ են ծախսում աշտարակի վրա եւ աղբի 25000 տոպրակ: Պատկերացրեք, թե ինչ է նշանակում հոգ տանել նման հսկայի մասին:  

4. Մի անգամ ֆրանսիացի փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ եւ բանաստեղծ Իվան Վլադիմիրովիչ Շչեգլովն իր ընկեր Անրի դե Բիրնի հետ փորձել էր աշտարակը պայթեցնել դինամիտի միջոցով: Վարկածներից մեկի համաձայն, այդ ստեղծագործ անհատականությանը նյարդայնացնում էր լուսավորությունը, որը գիշերները նրան խանգարում էր քնել: Բայց արդյունքում թշվառը հայտնվեց հոգեբուժարանում եւ այնտեղ արդեն նրան խանգարում էր քնել շոկային թերապիան, որին ենթարկում էին նրան:  

5. Աշտարակը բազմիցս փոխել է գույնը` դեղինից մինչեւ կարմրա-դարչնագույն: Վերջին  տասնամյակների կայացած «կերպարը», որը պաշտոնապես արտոնագրված է, «դարչնա-էյֆելյան» գույնն է, որը բրոնզագույնի է նման: 

6. 2007-ին ամերիկուհի Էրիկա Լաբրին, որը «առարկայասեր» է, ամուսնացավ Էյֆելյան աշտարակի հետ: Հաղորդվում է, որ մինչեւ փարիզյան աշտարակը, նա «սիրավեպ» էր ունեցել Բեռլինի պատի հետ, բայց գործն ամուսնության չէր հասել: Իսկ ավելի վաղ նա  «սիլի-բիլի» էր անում մարզական հրաձգության աղեղի հետ: 

7. Արժե նշել, որ Էյֆելյան աշտարակը ստեղծվել է որպես 1889-ի Համաշխարհային ցուցահանդեսի ցուցանմուշ եւ նախատեսված էր այն քանդել եւ տեղափոխել այլ վայր: Մանավանդ որ շատ փարիզցիներ դժգոհ էին եւ պնդում էին, որ աշտարակը «փչացնում է» քաղաքի կերպարը` ներդաշնակ չլինելով ճարտարապետությանը:  Արդյունքում գործեց «ժամանակավորից ավելի մշտական ոչինչ չկա» սկզբունքը:

8. Աշտարակի բոլոր չորս կողմերում XX դարի սկզբին առաջին պատշգամբի տակ փորագրվեց  XVIII—XIX դարերի ֆրանսիացի 72 ականավոր գիտնականի եւ ինժեների անուն: Ցուցակը բազմիցս քննադատության են ենթարկել, որովհետեւ գիտական ուղղությունները դրանում հավասարաչափ չէին ներկայացված: Ֆեմինիստները եւս դժգոհություն էին արտահայտում. ցուցակում կանայք չկան: 

9. «Ծառայողական հարուստ ցուցակով» կայծասփյուռ խարդախ Վիկտոր Լյուսթինգը, 1925-ին ներկայանալով որպես Փոստի եւ հեռագրերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, Էյֆելյան աշտարակը  «վաճառեց» մետաղի խոշոր առեւտրականներից մեկին: Հետո նա վերադարձավ Փարիզ եւ փորձեց այս սխեման մի անգամ էլ գործարկել, սակայն բացահայտվեց, փախավ ԱՄՆ, որտեղ նրան ձերբակալեցին եւ դատեցին:  

10. Էյֆելյան աշտարակը կարող էր Բարսելոնի, ոչ թե Փարիզի բացառիկ խորհրդանիշը դառնալ: 1889-ի Համաշխարհային ցուցահանդեսի նախօրեին Էյֆելն այդ քաղաքի իշխանություններին առաջարկել էր այդ նախագիծը, սակայն ի վերջո նրանք դա չափազանց թանկարժեք էին համարել: Արդյունքում Բարսելոնում հաղթական կամար կառուցվեց: 

11. Եթե հրաժարվեք վերելակից եւ ոտքով բարձրանաք աշտարակի գագաթ, անհրաժեշտ կլինի 1665 քայլ անել:

12. Աշխարհում գոյություն ունի Էյֆելյան աշտարակի ավելի քան երեսուն պատճեն: Դրանք հնարավոր է տեսնել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Գերմանիայում, Չինաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ վայրերում:  Բացի այդ, Ռուսաստանում` Փարիզ անունով գյուղում (Չելյաբինսկի մարզ) բջջային կապի կայմ գոյություն ունի, որը ստեղծվել է Էյֆելյան աշտարակի տեսքով, բայց բնօրինակից վեց անգամ փոքր է: 

13. Աշտարակի վերին մասում ընդարձակ բնակարան կա, որը ստեղծվել էր հատուկ Գյուստավ Էյֆելի համար: Տանտերն այստեղ ընդունում էր Փարիզի կարեւոր հյուրերին, որոնց թվում էր, օրինակ, ականավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը:  

Աղբյուրը՝ «Դնի»

22.02.16 | հասարակություն