Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ

Հայաստանում շահագործվող, չգործող և ուսումնասիրման փուլում գտնվող մետաղական հանքավայրերի մեծ մասն ունեն թթվային ապարների դրենաժի շատ մեծ պոտենցիալ։ Դրանք ինչպես ոսկի-սուլֆիդային կազմավորման հանքավայրերն են (Ամուլսարի, Արմանիսի, Լիճքվազ-Թեյի, Սոթքի, Մեղրաձորի, Թուխ Մանուկի, Դրմբոնի և այլն), այնպես էլ՝ պղնձամոլիբդենային և բազմամետաղային կազմավորման (Ագարակի, Դաստակերտի, Թեղուտի, Քաջարանի, Կաշենի, Կավարտի, Շահումյանի և այլն)։ Հենց այս պատճառով է, որ ցանկանում ենք հակիրճ ներկայացնել ամերիկյան Earthworks և ևս մի քանի այլ կազմակերպությունների վերլուծություններն ու տվյալները հանքերի թթվային դրենաժի ու դրա իրական էկոլոգիական վտանգների վերաբերյալ։  

 





Հանքերի թթվային դրենաժ

Ջրային էկոհամակարգերի վրա ազդեցության առումով հանքերի թթվային դրենաժը լեռնահանքային արդյունաբերության լրջագույն սպառնալիքներից մեկն է։ Հանքերից առաջացող թթուներն ունակ են աղտոտելու և ամայացնելու գետերն ու ջրային հոսքերը՝ ինչը կարող է տևել հարյուրավոր տարիներ։ Իսկ եթե դրենաժի առաջացման համար լինեն այսպես կոչված «բարենպաստ» պայմաններ, ապա դա կարող է տևել և հազարավոր տարիներ:

Ինչպես է այն ձևավորվում

Ոսկու, արծաթի, պղնձի և այլ մետաղների հանքավայրերի ապարները հաճախ բավականին հարուստ են սուլֆիդային միներալներով։ Երբ հանքարդյունահանման ընթացքում այդ սուլֆիդային ապարները մերկանում են և ընկնում ջրի ու օդի անմիջական ներգործության տակ, ապա սկսում է ձևավորվել ծծմբական թթու։ Այդ թթուն գլխավորապես առաջանում է երկաթի սուլֆիդի (FeS2,) օքսիդացման արդյունքում, որն առավել հայտնի է պիրիտ կամ «հիմարների ոսկի» անունով։ Պիրիտը գրեթե միշտ հանդես է գալիս որպես ուղեկցող միներալ թանկարժեք մետաղների հանքավայրերում։ Իսկ դրենաժի արդյունքում առաջացած թթվի մեջ սկսում են լուծվել պարփակող ապարների մեջ առկա տարբեր ծանր և վնասակար մետաղները՝ ինչպես օրինակ մկնդեղը կամ կապարը։ 

Մետաղների արդյունահանման ժամանակ հանքերի թթվային դրենաժը կարող է առաջանալ ամենուր, որտեղ սուլֆիդները ենթարկվում են օդի և ջրի ազդեցությանը։ Դրանք կարող են լինել դատարկ ապարների լցակույտերը, պոչամբարները, բաց հանքերի տարածքները, ստորգետնյա թունելները և տարրալվացման հարթակները։

Թթվային դրենաժի ժամանակ առաջացող այս դեղնանարջագույն հեղուկ զանգվածին հաճախ անվանում են նաև «դեղին ստահակ» (“yellow boy”), որի ջրածնային ցուցիչի (pH) արժեքը հանքավայրի թթվային ջրերի ներհոսքի հետևանքով նվազում և հասնում է 3-ի՝ այն դեպքում, երբ բնական չեզոք պայմաններում այդ ցուցիչի արժեքը 7 է։

Ձկներին և ջրային այլ կենսաբազմազանությանը հասցվող վնասը

Հանքերի թթվային դրենաժը կարող է շատ ծանր հետևանքներ թողնել ձկների, կենդանիների և բուսականության վրա։ Այդ հոսքաջրերի մեծ մասն ունեն 4 կամ ավելի ցածր pH, որը շատ նման է մեքենաների մարտկոցների մեջ օգտագործվող թթվին։ Օրինակ ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Zortman-Landusky ոսկու հանքավայրից թթուների և ծանր մետաղների արտանետումները ոչնչացրել են այդ լեռնային տարածաշրջանի տասնյակ ջրային հոսքերի ողջ կենսաբանական կյանքը։

Շարունակական աղտոտում

Հանքերի թթվային դրենաժը հատկապես վնասակար է նաև այն պատճառով, որ հանքարդյունահանումն ավարտելուց երկար տարիներ անց այն շարունակում է անել իր «սև» գործը։ Այս խնդրի հետ կապված մասնագիտական հրապարակումներն ուսումնասիրելու արդյունքում կարելի է եզրակացնել հետևյալը․

«Այսօր չկա մետաղական բաց հանքի գեթ մեկ օրինակ, որտեղ մեծածավալ թթվային դրենաժի առաջացումից հետո հնարավոր է եղել այն դադարեցնել»։  Earthworks

Միացյալ Նահանգների արևմուտքում բազմաթիվ մետաղական հանքերի առկայությունը կարող է ստիպել հարյուրավոր և հազարավոր տարիներ, եթե ոչ հավերժ, զբաղվել ապարների թթվային դրենաժի կամ մետաղների տարրալվացման հետևանքով աղտոտված ջրերի մաքրման աշխատանքներով։

Earthworks կազմակերպության կողմից 2013 թվականին հրապարակված «Աղտոտելով ապագան» զեկույցում առաջին անգամ ներկայացվել են ցնցող տվյալներ հանքարդյունահանման հետևանքով ԱՄՆ-ում անընդհատ աղտոտվող ազգային ջրային պաշարների վերաբերյալ։ Զեկույցը փաստում է, որ 40-ից ավել մետաղական հանքավայրեր տարեկան ընդմիշտ աղտոտում են 4,5-7 միլիարդ լիտր ջուր՝ ինչը պահանջում է չափազանց թանկարժեք մաքրման միջոցառումներ։ Այդ միջոցառումները կարող են շատ ծանր տնտեսական բեռ դառնալ հանրության համար, երբ հանքերը շահագործող ընկերությունները սնանկանում են կամ էլ հրաժարվում են փոխհատուցել ջրերի մաքրման ծախսերը։

Բազմաթիվ դեպքեր են արձանագրված, երբ հանքերի թթվային դրենաժի և արտանետումների հետևանքով ոչնչանում են գետային էկոհամակարգերը։ Օրինակ Կոլորադո նահանգում գտնվող Summitville ոսկու հանքավայրի թթվային դրենաժի արդյունքում վերացել է գետի 27 կիլոմետրանոց հատվածի ողջ կենսաբազմազանությունը։ Չնայած նրան, որ Միացյալ Նահանգների Բնական միջավայրի պահպանության գործակալությունը (US EPA) արդեն իսկ 210 միլիոն դոլար է ծախսել վերակագնում իրականացնելու համար՝ դրանից շատ տարիներ անց աղտոտված ջերերը շարունակում են տարածվել բնության մեջ։ Դրան գումարած հանքը շահագործող ընկերությունը սնանկ է ճանաչվել ու չի փոխհատուցում բնապահպանական և մաքրման միջոցառումների համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Իսկ համաձայն Բնական միջավայրի պահպանության գործակալության գնահատականի՝ ԱՄՆ-ի բոլոր լքված մետաղական հանքերի աղտոտման հետևանքները մաքրելու համար կպահանջվի 20-54 միլիարդ դոլար գումար (տես այստեղ)։

Ցավոք հանքերի թթվային դրենաժի խնդիրը Հայաստանում գրեթե անուշադրության է մատնված մասնագետների, և հատկապես պետական լիազոր մարմինների կողմից։ Իհարկե կան որոշակի գիտական հետազոտություններ լեռնահանքային արդյունաբերության տարածաշրջանների ջրային պաշարների աղտոտման չափերի հետ կապված, բայց հստակ վերլուծված չեն դրանց պատճառները՝ հատկապես գրունտային և ստորերկրյա ջրերի մասով։ Իսկ պետական մարմինները չեն էլ ցանկանում իրական գնահատում կատարել և հասկանալ, թե ինչ երկարատև ու ահռելի ծախսատար գործընթաց է շարունակաբար աղտոտվող ջրերի վնասազերծումը։ Վերևում բերված թվերն ու փաստերն ապացուցում են, որ շատ հանքավայրերի շահագործման արդյունքում Հայաստանի պետական գանձարան վճարած հարկերն ընդհանրապես համարժեք չեն դրանց հասցրած էկոլոգիական և առողջապահական վնասին։ Հիմա էլ առանց իրատեսական գնահատում և վտանգների մոդելավորում իրականացնելու կառավարական մակարդակով սատարում են Ամուլսարի ոսկու ծրագրին, որի արդյունքում դանդաղ գործունեության հավերժական թթվային ռումբ է դրվելու Ջերմուկի, Որոտան-Արփա ջրատար թունելի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների ու Սևանա լճի, Արփա ու Որոտան գետերի ավազանների գլխին։ Կարծում ենք, որ սա ոչ միայն էկոլոգիական, այլ նաև բնակչության անվտանգության խնդիր է, քանի որ վտանգի տակ են դրվում տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները։

 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

 

 

28.02.17 | քաղաքականություն