«Վճարներից ուզում են իրենց ընտրակաշառքի գումարը հավաքեն». Բնակիչները գազի բարձր գների մասին

Այս ամիս կոմունալ վճարներն անակնկալի են բերել մի շարք քաղաքացիների։ Թեեւ 2017թ. հունվարի մեկից գազի գինն իջել է 8 դրամով, սակայն սոցիալական ցանցերում բուռն քննարկվում են հատկապես գազի վարձավճարների աննախադեպ մեծ լինելը։

Արաբկիր համայնքի բնակչուհի Սիրանուշ Դանիելյանը դեկտեմբերի սկզբից մինչեւ փետրվարի կեսը գտնվել է ԱՄՆ‐ում, սակայն ասում է, որ երկու ամիսներին մեծ տարբերություն է կազմել գազի վարձավճարը։

«Իմ բնակարանի կաթսան ամենաթույլ ռեժիմի վրա է եղել դեկտեմբեր եւ հունվար ամիսներին, որեւէ մեկը չի օգտագործել գազը, բայց դեկտեմբերին եկել է 15 հազար դրամ, հունվարին՝ 25 հազար։ Այդ ինչպե՞ս է հնարավոր, սա էլ հո լույսը չի՞, որ ասենք գիծ են մտնում, ուրեմն իրենք են ինչ որ բաներ անում»,‐ armtimes.com‐ին ասում է Դանիելյանը։

«Մենք տունը հոսանքով ենք տաքացնում, միայն ճաշն եմ գազի վրա եփում, այդ ոնց եղավ, որ մշտապես մեր գազի վարձը յոթ հազար դրամից չի անցել, բայց այս անգամ տասնհինգ հազար է եկել։ Երկու կոպեկ գին են իջեցրել, քթներիցս են բերում։ Էնպիսի տպավորություն է, որ կարծես էս վճարներից ուզում են իրենց ընտրակաշառքի գումարը հավաքեն, որ ընտրություններին ձայն առնեն ժողովրդից»,‐ասում է բնակիչը։

Բնակիչները փակուղում են հայտնվել, ասում են, որ դիմել են գազի տեսուչին, սակայն նա ոչնչով չի կարողացել օգնել։

«Երեւի պետք է հավաքվենք ու բողոք ներկայացնենք, չնայած կասկածում եմ, թե մեր բողոքն ինչ որ մեկին հետաքրքրում է, էն էլ էս ընտրությունների շրջանում»,‐ասում է Հայկուշ Սարգսյանը։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ գազի վարձավճարների աճը կարող է կապված լինել ցրտի հետ։ «Մի փոքր ցուրտ է եղել, միգուցե մարդիկ ավելի շատ գազ են սպառել եւ չեն հիշում այս պահին։ Սակայն ցուրտն այդքան մեծ շեղում չէր տա։ Մեկ այլ վարկած էլ կա, իրականում գազի սակագինը սահմանում ենք, սակայն սա կարող է լինել ֆիկցիա։ Մենք կարող ենք 5‐7 տոկոս նվազեցնել գազի սակագինը, որի փոխարեն մատակարարվող գազի կալորիականությունը եւս նվազեցնենք, արդյունքում կմեծանա սպառման ծավալը»,‐armtimes.com‐ին ասում է Պիպոյանը

Նմանատիպ իրավիճակ, երբ քաղաքացիները դժգոհել են գազի բարձր վարձավճարներից, իսկ մասնագետները դա կապել են գազի կալորիականության հետ, նախկինում նույնպես եղել է, սակայն «Գազպրոմ Արմենիա»‐ից անհիմն են համարել այդ մեղադրանքները։ Էներգետիկ‐փորձագետ Էմիլ Սահակյանը նույնպես կարծում է, թե գազի կալորիականությունը հնարավոր չէ փոխել։

«Կալորիականության փոփոխումը արհեստական ձեւով մեր համակարգում անհնար է, կալորիականությունը Ռուսաստանից ինչպես հաստատված գալիս է,  Տպել 305 դիտում այնպես էլ հասնում է սպառողին, կալորիականության մասին խոսակցությունները լուրջ չեն»,‐armtimes.com‐ին ասում է Սահակյանը։ Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար ընդամենը հարկավոր է վերահսկողություն։ «Եղել են դեպքեր, երբ, ըստ բնակիչների, տեսուչներն ասել են, որ նախորդ ամսվա վճարը հաշվարկել են ամսվա երրորդ, չորրորդ օրը, այսինքն ստացվել է 32, 33 օրվա վճար ու ավելին է կազմել, այս դեպքերի առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»‐ից մեզ տեղեկացրել են, որ եթե լինեն բողոքներ կզբաղվեն ու կպատժեն տեսուչներին։ Սակայն գործադիրն էլ ունի անելիքներ, նույնպես պետք է զբաղվի այս հարցով, սպառողը պետք է տեսնի, որ իր պրոբլեմով զբաղվող կա։ Հարցերը շատ են, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվում»,‐ասում է Պիպոյանը։  

 

 

 

26.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն