Վլադիմիր Գասպարյանը Կոտայքի մարզային վարչությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում:

Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները:

 









Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:

 Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունքների նշանակությունը կարևորեց նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանական պատշաճ ծառայություն կազմակերպելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուղեցույցների յուրացմանը, ինչի շնորհիվ ծառայության պատրաստվող ոստիկանները լիարժեք կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին:

Ոստիկանության պետը հանձնարարեց օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները  իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև պատասխանատվությունը հանրային  փոխըմբռնում ու հանդուրժողականություն ապահովելու գործում:

 Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների  պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

23.02.17 | քաղաքականություն