Վեց գործոն, որոնք ծերացնում են քո մաշկը

Ո՞ր գործոններ են արագացնում մաշկի ծերացումը։

Ծխախոտի ծուխը

Կարեւոր չէ, դու ծխում ես, թե շփվում ես ծխողների հետ, ծխախոտի ծուխը բոլոր դեպքերում վնասում է քո մաշկը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ծուխը չորացնում է մաշկը ու կնճիռների առաջացման պատճառ դառնում: Ծխախոտի ծուխը սպառում է օրգանիզմում վիտամին C-ի պաշարը, որը մաշկի խոնավության պահպանման կարեւորագույն պայմաններից է: Որոշ հետազոտողների կարծիքով ծխախոտի ծուխը նույնքան կործանարար ազդեցություն է թողնում մաշկի վրա, որքան ուլտրամանուշակագույն ճառագայթները:

Արեւի ազդեցությունը

Արեւի ճառագայթները ծերացնում են մաշկը: Արեւի ազդեցության տակ մաշկը չորանում է, կնճիռները խորանում, բացի դրանից մաշկի վրա կարող են նաեւ պեպեններ հայտնվել, որոնք հետո վեր են ածվում շագանակագույն բծերի: Նաեւ նկատի ունեցեք, որ արեւային լոգանքները բարձրացնում են մաշկի քաղցկեղի հավանականությունը:

Ֆիզիկական վարժությունների պակասը

Նստակյաց կենսակերպը նպաստում է մաշկի ծերացմանը: Իրական տարիքից երիտասարդ տեսք ունենալու համար պետք է սպորտով զբաղվել: Վարժություններն օգնում են տոնուսի մեջ պահել մկանները ու լավացնել արյան շրջանառությունը: Մասնագետների կարծիքով, կանոնավոր մարզանքները պետք է մաշկի խնամքի կարեւոր բաղադրիչը դառնան:

Ոգելիցի օգտագործումը

Ոգելից խմիչքը նպաստում է մաշկի ծերացմանը, լայնացնելով մաշկի վրա մանր արյունատար անոնթները ու ավելացնելով արյան հոսքը դեպի մաշկի մակերես: Ժամանակի ընթացքում այդ արյունատար անոթները վնասվում են, իսկ դեմքի մաշկը կարմրավուն երանգ է ձեռք բերում, ինչը նույնպես չի գեղեցկացնում կնոջը:

Սթրես

Սթրեսը, անհանգստությունը, դեմքը խոժոռելու սովորությունը բացասաբար են անդրադառնում մեր արտաքինի վրա: Սկզբում մանր կնճիռներ են հայտնվում, որոնք ժամանակի ընթացքում խորանում են: Ձգտեք վերահսկել ձեր զգացմունքները, արագ հաղթահարել ձեր սթրեսները, ազատվել խոժոռվելու սովորությունից ու օրվա ընթացքում բազմազան դարձնել ձեր դիմախաղը: Փորձագետները խորհուրդ են տալիս նաեւ չհրաժարվել յոգայով զբաղվելուց, քանի որ դա նույնպես նպաստում է լիցքաթափմանը:

Քնի պակասը

Քնի պակասից դու հոգնած տեսք ես ունենում: Քնի պակասը նախեւառաջ դեմքի վրա է արտահայտվում՝ աչքերի տակ մուգ շրջանակներ ու մանր կնճիռներ են առաջանում: Նաեւ քնի պակասը այն հիմնական գործոնն է, որը կարող է հիշողության խնդիրներ ու դեպրեսիայի ախտանիշներ առաջացնել՝ օրինակ ամենօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ ու բացասական մտածողություն: Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ լավ ինքնազգացողություն ու նորմալ աշխատունակություն պահպանելու համար մեծահասակների մեծ մասին անհրաժեշտ է օրական 8-9 ժամ քնել: Գիշերը ամուր քնելու համար պետք է քչացնել օրվա ընթացքում կոֆեինի գործածումը, քնելուց առնվազն երկու ժամ առաջվանից ոչինչ չուտել ու ձգտել նույն ժամին պառկել քնելու:

Աղբյուրը՝ Creu

29.02.16 | հասարակություն | մոդա