Վերազինվում է սեյսմիկ պաշտպանության համակարգը

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում ՀՀ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ

 

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմիկ բարձր ռիսկի գոտում: Սեյսմիկ գործընթացների մշտադիտարկման և արձագանքման համակարգի անընդհատ վերազինումն ու արդիականացումը հանդիսանում են ՀՀ ազգային անվտանգության կարևոր և բաղկացուցիչ մասը:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ ս/թ հոկտեմբերի 2-11-ը Լոռու մարզի Սարատովկա, Սյունիքի մարզի Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում իրականացրել են երկու նոր սեյսմիկ կայանների տեղադրման և մեկ կայանի տեղափոխման աշխատանքներ։

 

Մասնավորապես՝ Սարատովկա և Եղվարդ համայնքներում տեղադրվել են մեկական «GURALP-3T» տիպի սեյսմոմետրեր և «GURALP-5T» տիպի աքսելերոմետրեր, կատարվել են համապատասխան մոնտաժային աշխատանքներ: Սեյսմիկ կայաններում տեղադրվել են հատուկ վահանակներ, որոնց մեջ հավաքվել են տվյալների առցանց փոխանակման համար անհրաժեշտ սարքերը, արբանյակային կապի միջոցով կազմակերպվել է տվյալների առցանց հաղորդում։

 

Տեղադրված նոր կայանների սնուցումն իրականացվում է փոփոխական հոսանքի միջոցով և կրկնապատկված է կապարային մարտկոցներով. սնուցման այս եղանակը ապահովում է կայանի անդադար աշխատանքը:

 

Նախապես՝ մինչ կայանները ցանցին միացնելու և գործարկելու աշխատանքները, հատուկ տեխնիկայի միջոցով, փորվել են 3 մետր խորությամբ հորեր և կառուցվել բետոնյա պատվանդաններ, որտեղ տեղադրվել են «GURALP-3T» տիպի սեյսմոմետրերը՝ պաշտպանված օղակաձև, պլաստիկ էլեմենտներով: Դրանք, իրենց հերթին, փակվել են ավազե և խճաքարե զանգվածով:

 

«GURALP-5T» աքսելերոմետրերը տեղադրված են հատուկ վահանակների մեջ, գտնվում են աշխատանքային վիճակում, և դրանցում մուտքագրված տվյալների հաղորդումն իրականացվում է առցանց կապի միջոցով:

 

Նույն ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել է սեյսմիկ փնջի «մայր» սեյսմոմետրի տեղափոխումն առավել բարենպաստ տեղանք։

 

Կատարված աշխատանքները մասն են կազմում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության համակարգի որդեգրած` զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման քաղաքականության, միտված են երկրաշարժերի հետևանքները նվազեցնելուն և ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը:

 

Հայ-ֆրանսիական երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակում 2018թ. նախատեսվում է ևս 4 նմանատիպ կայանների տեղադրում ՀՀ տարածքում:

27.10.17 | քաղաքականություն