«Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության պայմանագրի տեխնիկական աուդիտորն ընտրված է

 

«Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի տեխնիկական աուդիտորն ընտրված է: Ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի է ունեցել տեխնիկական աուդիտորի ընտրության համար դեռևս տարեսկզբին հայտարարված միջազգային մրցույթի հաղթող «Սաքսեն Վասսեր» ընկերության, Կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև եռակողմ պայմանագրի ստորագրման արարողությունը:

 

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ բավականին երկարատև մրցութային գործընթացը վերջապես ավարտված է, և աուդիտոր ընկերությունը կարող է արդեն անցնել իր պարտականություններին.

«Գործընթացը երկարարտև էր, սակայն մենք կարծում ենք, որ շտապողականությունն այստեղ տեղին չէր: Լիահույս ենք, որ այստեղ ներկայացված բոլոր կողմերն ունեն նույն նպատակը՝ պատշաճ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին և անել հնարավոր ամեն բան՝ բաժանորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Համոզված եմ, որ աուդիտոր ընկերության աշխատանքը կօգնի ոչ միայն վերացնել առկա թերացումները, այլև ապահովել մատուծվող ծառայությունների շարունակական զարգացումը»,- ասել է  Ա. Հարությունյանը: 

«Սաքսեն Վասսեր» ընկերության գործադիր տնօրեն Յորգեն Վումելը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ սպառողների շահի գաղափարն ընկած է ընկերության գործունեության հիմքում:

Նշենք, որ տեխնիկական աուդիտի հիմնական նպատակը «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրի կատարողական չափանիշների ապահովման ընթացքի մոնիտորինգն է, ինչպես նաև՝ վարձակալի կողմից բազիսային տարվա տվյալների հաշվետվության ուսումնասիրությունը և աուդիտը, տեխնիկական, շահագործման և պահպանման, կառավարման ամենամյա աուդիտի իրականացումը և այլն: 

Անկախ աուդիտորը պետք է վերանայի վարձակալ ընկերության կատարողական չափանիշները և, անհրաժեշտության դեպքում, վերանայման առաջարկություններ անի:

Հատկանշական է, որ տեխնիկական աուդիտորը պետք է ոչ միայն սպառողների գոհունակության ուսումնասիրություն իրականացնի, այլև՝ ջրի որակի: 

 

 

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

27.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն