Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի ՀՀ առաջին առաջնությունը

Հոկտեմբերի 28-ին Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջին առաջնությունը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Վանաձորի քաղաքապետը:

 

«Հայկական կոխ ըմբշամարտի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Կա կառավարության որոշում, համաձայն որի մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգ: Այս առաջնությունը նախատեսված էր զարգացման հայեցակարգով նախատեսված միջոցառումների պլանով։ Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի ազգային մարզաձևերից անցկացվող միջազգային մրցաշարերում»,- ասել է նախարար Ռոստոմյանը։

 

Առաջնության մասնակիցները մրցել են ութ քաշային կարգերում: Առաջնության չեմպիոններ դարձան Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը (66 կգ), Տիգրան Վարոսյանը (73 կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ), Սամվել Հակոբյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (100+կգ) :

 

Առաջնությանը մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:

 

 

30.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն