Վայոց ձորում` մարզպետի և խոշոր տնտեսվարողների հետ քննարկվել են բնապահպանական նորմերի պահպանման խնդիրները

 

 

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: 

 

Տեսչական մարմնի ղեկավարի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ.Սարգսյանի հանդիպմանը հրավիրվել են նաև փոքր հէկ-երի, ընդերքօգտագործողների և մի շարք այլ  տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ («Լիդիան Արմենիա», ԲԲԸ «Եղեգնաձոր» ՋՕԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ «Սյունյաց Վոթը» և այլն), ինչպես նաև Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում առկա բնապահպանական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ տեսլականները, մասնավորապես փոքր հէկ-երի շահագործման, բնապահպանական ռիսկերի նվազեցման, աղբավայրերի, «Ամուլսարի» մետաղական հանքավայրի շահագործման հետևանքով ենթադրվող բնապահպանական ռիսկերի գնահատման, ինչպես նաև մարզի կենդանական աշխարհի բազմազանությամբ և գրավչությամբ պայմանավորված որսագողության դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանության, որոշ համայնքներում գորշ արջերի և գայլերի հարձակումների արդյունքում բնակչությանը պատճառված վնասները և մի շարք այլ հարցեր։

Մարզպետը շնորհավորել է նոր Տեսչական մարմնի ստեղծման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել իր աջակցությունը ցուցաբերել մարզում բնապահպանական խնդիրների հայտնաբերման, բարձրաձայնման և լուծման գործում։

Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն իր խոսքում նշել է, որ կարևորում է փոխհամագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ընդգծել տնտեսվարող սուբյեկտների խնդիրներին տեղում ծանոթանալու, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների վերհանման առաջնահերթությունը։

Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց արդյունավետ փոխգործակցության համար և պայմանավորվել, որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ։

Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն այցելել ՀՀ Վայոց ձորի տարածքային բաժին, շրջայցի ընթացքում ծանոթացել աշխատանքային պայմաններին: Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակիցներին են փոխանցվել տեխնիկական միջոցներ և գույք: 

 

30.10.17 | քաղաքականություն