Վահան Մարտիրոսյանը հանդիպել է իտալական խոշորագույն ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 22-ին ընդունեց իտալական «ANAS» խոշորագույն ճանապարհաշինական ընկերության բիզնես զարգացման գործադիր տնօրեն Լաուրենտ Ֆրանսիոզիին, «IRD Engineering» ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Օրսինիին և «Gestione Progetti Ingegneria» տրանսպորտային ենթակառուցվածքի ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջորջիո Գիդուչիին։

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր ճանապարհաշինական ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով պետություն — մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերը։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լաուրենտ Ֆրանսիոզիին ներկայացրեց «ANAS» ընկերության գործունեությունը։ Նա ընդգծեց, որ բացի արագընթաց ճանապարհներ կառուցելուց, մասնագիտացած են նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ դժվարանցանելի ճանապարհների կառուցման 

աշխատանքներում, հավելելով, որ հետաքրքրված են պետություն — մասնավոր հատված համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ենթակառուցվածքների գործընթացներով և նախագծերով։

 

Հանդիպման ընթացքում կողմերը կիսվեցին տեղեկություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։ Համաձայնություն ձեռք բերվեց ուսումնասիրել դրանց հնարավոր տարբերակները և հաջորդ հանդիպման ընթացքում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

22.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն