Սփյուռքի նախարարն ընդունել է լիբանանահայ գործարար Վաչե Ակոբյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ գործարար, «Ռոյալ մետրո արմտուր» զբոսաշրջային գործակալության սեփականատեր Վաչե Ակոբյանին:

 

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստող սփյուռքահայ գործարարի նախաձեռնությունը, և նշեց, որ թեև զբոսաշրջիկների մեծամասնությունը սփյուռքահայեր են, սակայն մեծ անելիքներ կան նրանց առավել մեծ հատվածների ներգրավելու ուղղությամբ՝ օգտագործելով տարաբնույթ ծրագրեր, քարոզչության արդիական միջոցներ, պատշաճ ներկայացնելով Հայաստանի մշակույթը, բնությունը, խոհանոցը և այլն:

Վաչե Ակոբյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ զբոսաշրջային գործակալության հիմնական նպատակը Լիբանանից սփյուռքահայերին Հայրենիք բերելն է, նրանց խորությամբ ու բազմակողմանի հայրենիքին ծանոթացնելը:

«Այս գաղափարը ծնվել է, երբ խորհրդային տարիներին ես առաջին անգամ Հայրենիք եկա մեկ ամսով՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի կողմից կազմակերպված ճամբարային ծրագրով»,-հավելեց նա:  

Սփյուռքի նախարարը վստահություն հըայտնեց, որ նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա և օրինակ կծառայի բազմաթիվ սփյուռքահայերի համար, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն նպաստելու Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և սփյուռքահայերին հայրենիքին կապելու՝ բացելով հայրենաճանաչության ու հայրենադարձության նորանոր արահետներ, նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

 

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն