Սոնա Պողոսյանը՝ Ռիոյից. Հաջորդ օլիմպիական պոկումն ու հրումը մեդալով կլինի

13.08.16 - սպորտ

Լարվածությունն էր պատճառը, որ պոկում վարժության 100 կգ-ն գցեցի: Հպարտ եմ, որ Ռիո-2016-ում ներկայացրեցի Հայաստանը՝ թեկուզ B խմբում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի ծանրամարտի կանանց մրցաշարում 10-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ներկայացուցիչ 18-ամյա Սոնա Պողոսյանը:

75 կգ քաշային ծանրորդուհին Ռիո-2016-ում հանդես եկավ B խմբում եւ երկամարտի 223 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը: Ընդհանուր պայքարում Սոնա Պողոսյանը 10-րդ տեղում է:

«Զբաղեցրի 10-րդ տեղը: Չէի ասի, թե շատ գոհ եմ իմ մասնակցությունից եւ արդյունքից: Արեցի այն, ինչ այս պահին կարող էի: Ուրախ եմ, որ հրում  վարժությունում 1 կիլոգրամ ավելի բարձրացրեցի: Առաջին անգամ էի այդ կիլոգրամին մոտնում: Վերջին մարզումների ժամանակ 125 կգ էի բարձրացրել: Անկեղծ շատ լարված էի: Այդ լարվածությունն էր պատճառը, որ պոկում վարժության 100 կգ-ն գցեցի: Իսկ արդեն հրում վարժության ժամանակ հավաքվեցի ու հաղթահարեցի կիլոգրամները:

Այսօր ես շատ ուրախ էի ու հպարտ, որ թեկուզ B խմբում հնարավորություն էր ինձ տրվել ներկայացնել Հայաստանը: Ռիո-2016-ն ինձ համար մեծ փորձ կլինի հետագա Օլիմպիական խաղերում: Հաջորդ օլիմպիական պոկումն ու հրումը մեդալով կլինի»,- ասաց Սոնա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրության խախտման համար Հռիփսիմե Խուրշուդյանի հեռացումից հետո էր Սոնա Պողոսյանն ընդգրկվել օլիմպիական թիմ: Հայաստանը կանանց մրցաշարում ուներ երկու ուղեգիր:

Լուսինե Շահբազյան

13.08.16 | սպորտ | ֆուտբոլ