Սեփական մտավոր կարողությունները մեծացնելու հինգ պարզ միջոց

Մտածողությունը մարդկային կենսագործունեության հիմքն է, միաժամանակ յուրաքանչյուր մարդու մոտ իրավիճակներ են առաջանում, երբ նա այնքան էլ գոհ չի լինում սեփական խելացիությունից:

Երբ անհրաժեշտ է քննությունից առաջ լիքը նյութ յուրացնել կամ որեւէ ծավալուն նախագիծ մշակել, ուզում ես կարճ ժամանակով հանճար դառնալ: Ահա ձեր ուղեղի մտածողական գործառույթները բարելավելու 10 միջոց:

1. Սուրճ խմեք

Իհարկե մշտապես քիչ քնելը եւ չափից շատ սուրճ օգտագործելը դեռեւս ոչ մեկին օգուտ չեն տվել, բայց կոֆեինի կարճաժամկետ դրական արդյունքը դարձյալ հաստատել են վերջերս իրականացված հետազոտությունները. սուրճը ոչ միայն բարձրացնում է տոնուսը, այլեւ օգնում է կենտրոնանալ աշխատատար խնդիրների վրա եւ բարելավում է ինտելեկտի գործնականում բոլոր ցուցանիշները, ինչպես նաեւ տրամաբանական մտածողությունը կամ արձագանքելու արագությունը:
Գիտնականներն ընդգծում են. պետք չէ մտածել, թե կոֆեինը ձեզ ավելի խելացի կդարձնի, այն ընդամենը ձեր ուղեղին կստիպի աշխատել ավելի արդյունավետ «վթարային» ռեժիմով, սակայն մշտական ծանրաբեռնումն անպայման ապագայում արագ հոգնելիության կհանգեցնի:

2. Ձեզ մի քիչ գինի թույլ տվեք

Մարդկությունը խմելու իր բազմամյա պատմության ընթացքում իր համար ալկոհոլի բազմաթիվ դրական, ինչպես նաեւ բացասական ազդեցություններ է բացահայտել: Նորվեգացի գիտնականների վերջերս իրականացրած գիտափորձերն ապացուցում են, որ կանոնավոր կերպով գինի օգտագործողները (չափավոր քանակով) թեստերում մտածողական գործառույթների միջին ավելի բարձր ցուցանիշներ են ցույց տալիս, քան նրանք, ովքեր ձեռնպահ են մնում ալկոհոլից, այդ օրինաչափությունը հատկապես վառ է դրսեւորվել կանանց մոտ:
Հետազոտողների մեծամասնությունը վերջերս խոսում է մտածողության , խոսքի կապակցվածության, ուշադրության եւ հոգեկան այլ բարձրագույն գործընթացների վրա փոքր քանակությամբ գինու դրական ազդեցության մասին: Համարվում է, որ խաղողի խմորված հյութում հակաօքսիդանտներ են պարունակվում, որոնք խոչընդոտում են ծերացմանը, այնպես որ, նախնիներն ասում էին` in vino veritas!

3. Արեւից «լիցքավորվեք»

Արեւի լույսի ավելցուկը վնասակար է մաշկի համար, բայց չարժե ամբողջությամբ խուսափել արեւի ճառագայթներից. D վիտամինն օգտակար է ուղեղի համար:
Գիտնականները փորձարկում են կատարել եւ պարզել են, որ արեւային լոգանքների սիրահարներն ավելի լավ են հաղթահարել թեստային առաջադրանքը, քան D վիտամինի ցածր մակարդակ ունեցող կամավորները:
Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ D վիտամինը ուղեղի ծերացման գործընթացը դանդաղեցնելու կարողություն ունի, այդ պատճառով, եթե դուք վամպիր չեք, կարող եք համարձակորեն «լիցքավորվել» արեւի ճառագայթներով: Բայց հիշեք. ամեն ինչի մեջ չափը լավ է, հակառակ դեպքում կարող եք արեւային այրվածք ստանալ:

4. Թույլ տվեք, որ միտքը «հոսի»

Որպեսզի գլուխն առավելագույն արդյունավետությամբ աշխատի, պետք է կարողանալ կենտրոնանալ կոնկրետ առաջադրանքի վրա. ուղեղն առավելագույնս ակտիվ է, երբ զբաղված է մեկ խնդրի լուծմամբ, եթե իհարկե դուք Հուլիոս Կեսարը չեք:
Բայց վերջին հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ երբեմն իրոք ավելի լավ է «բաց թողնել» սեփական մտքերը եւ մտածել կողմնակի որեւէ բանի մասին. այդպիսի փոքրիկ «փոփոխությունը» հետագայում թույլ կտա ավելի լավ կատարել հիշողության մասնակցություն պահանջող առաջադրանքները եւ բարձրացնել մտածողության ընդհանուր արտադրողականությունը: Իսկ մեկ կամ մի քանի բանի վրա մշտական կենտրոնացածությունը դանդաղեցնում է տեղեկության մշակման գործընթացը եւ «հոգնեցնում է» ուղեղը:

5. Ինքն իր հետ խոսելով հնարավոր է գտնել տանը «կորած» առարկան

Երբ մարդը սկսում է ինքն իր հետ շփվել, շատերը սովորաբար քունքի մոտ պտտում են մատը` ենթադրելով, որ նա ուղեղի խնդիրներ ունի: Այդ երեւույթն ուսումնասիրելով` գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ բարձրաձայն մտածելն իրոք բարելավում է մտածողությունը:

Փորձարկման մասնակիցներին անհրաժեշտ է եղել ինչ-որ առարկա գտնել, միաժամանակ արձանագրել իրենց ռեպլիկների ազդեցությունը որոնման արդյունավետության վրա: Այն կամավորները, որոնք բարձրաձայն կրկնել են որոնման առարկայի նկարագրությունը, ավելի արագ են կատարել առաջադրանքը, քան նրանք, ովքեր լռել են: Ընդ որում, փնտրվող առարկայի հետ չկապված արտահայտություններն ընդգծված արդյունք չեն տվել, այսինքն իմաստ չկա բարձրաձայն կրկնել «սառնարան», եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում տանը գտնել բանալիները:

Նյութը` Otvetnavse.com

30.09.16 | հասարակություն | մոդա