Սերժ Սարգսյանի հանդիպումն Ալիևի հետ Հայաստանի համար վնաս է. Քաղաքագետ

Հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից, քանի դեռ կյանքի չեն կոչվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

 





«Ես կտրականապես դեմ էի, որպեսզի Սերժ Սարգսյանը հանդիպեր Ալիևին, քանի որ Ադրբեջանի ղեկավարը մինչև հիմա չի կատարել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել էր Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Իսկ դրանք շատ կարևոր էին մեզ համար, քանի որ նախատեսում էին հետաքննության մեխանիզմներ ներդնել՝ պարզելու զինադադարը խախտողներին և պատիժ կիրառելու: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի իր կողմից ստանձնած այդ պարտավորությունները չկատարի»,- ասաց Համբարյանը:

 

Նա հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հանդիպումներն անիմաստ են, մինչեւ Ալիևը կյանքի չկոչի իր ստանձնած պարտավորությունները: Բայց, ըստ քաղաքագետի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պարտավորություն կյանքի չի կոչում, իսկ Հայաստանի նախագահը համաձայնություն է տալիս հանդիպելու Ալիևի հետ:

«Իսկ Ալիևն արդեն իրեն բնորոշ ամբարտավան և անմակարդակ ոճով մեկնաբանել է այդ հադիպումը՝ հայտարարելով, որ բանակցությունները վերսկսվում են առանց Հայաստանի առաջ քաշած նախախապայմանների»,- նշեց նա: 

 

Ըստ Համբարյանի՝ Ալիևը նման հայտարարություն է անում, քանի որ դա թույլ են տվել Հայաստանի իշխանությունները:

«Իրոք, դա այդպես է, որովհետև եթե մենք մինչև հիմա հայտարարում էինք, որ ոչ մի հանդիպում տեղի չի ունենա, մինչև ադրբեջանական կողմը կյանքի չկոչի այդ համաձայնությունները, հիմա պարզվում է, որ կարծես մենք հետքայլ ենք անում: Իսկ դրանից օգտվում է Ադրբեջանը: Դեռ ժամանակ կա, և ՀՀ նախագահը դեռ կարող է հրաժարվել այդ հանդիպումից»,- ասաց քաղաքագետը:

 

Բացի այդ, Համբարյանը հիշեցնում է, որ Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի օրը ադրբեջանական կողմի արձակած գնդակից դարձյալ հայ զինծառայող սպանվեց: Սա, ըստ նրա, Իլհամ Ալիևի «ողջույնն էր» Սերժ Սարգսյանին:

 

«Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը հաջորդ տարվա ապրիլին սպառվում է, նա կարող էր ընդհանրապես հրաժարվել այդ հանդիպումից: Եվ բանակցային գործընթացի վերաբերյալ արդեն պետք է մտածեր Հայաստանի ապագա վարչապետը: Սերժ Սարգսյանի հանդիպումն Ալիևի հետ Հայաստանի համար բոլոր առումներով վնաս է՝ սկսած դիվանագիտությունից, վեջացրած քարոզչական պատերազմ տանելուց»,- ասաց նա:

Անդրադառնալով Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե այսօր չկա դրական միտում, որը թույլ կտա խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին, ընդամենը վստահության մթնոլորտի ձևավորման շուրջ են բանակցությունները, Համբարյանն ասաց, որ այս պայմաններում Ադրբեջանի հետ վստահության մթոնոլորտ ձևավորելու մասին խոսք լինել չի կարող:

«Ինչ-որ վստահության մասին են խոսում, բայց ի՞նչ վստահության մասին է խոսքը ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանի հետ ի՞նչ կապերի մասին է խոսքը, երբ այդ երկիրը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնություն է տալիս զինադադարը խախտող կողմի նկատմամբ պատժիչ մեխանիզմներ կիրառելուն, բայց հիմա դրանից հարաժարվում է», նշեց նա:

 

 

 

13.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն