Սերգո Կարապետյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը և Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորված համագործակցության արդյունավետ փորձը և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների միջև գործակցությունը նոր թափ կստանա:

«Գյուղատնտեսությունը մեր երկրում գերակա ուղղություն է, վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապահովում, և սա այն ոլորտն է, որտեղ կատարված ներդրումները միանշանակ արդարացված են: 2015 թվականի տվյալներով մենք արձանագրել ենք 11,7 տոկոս աճ ոլորոտում, և նոր ծրագրերի, ֆինանսական օժանդակության միջոցով հնարավորությունն ունենք զգալիորեն ավելացնել ծավալները»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգի վերազինման ծրագիրը, որի վերաբերյալ ֆինանսավորման պայմանագիրը ստորագրվել է նախօրեին: Ծրագրի շրջանակում նախարարն առանձնակի կարևորել է արդյունավետ ջրօգտագործման հարցը` հատկապես կաթիլային ոռոգման համակարգերի կիրառումը:

Հանդիպման ընթացքում ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը պատրաստակամություն է հայտնել քննարկել գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:

Նախարար Կարապետյանը նշել է, որ մեր երկրում այժմ նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որի համար հիմք է ընդունվել ֆրանսիական մոդելը: Նախարարի խոսքով` ոլորտի հիմնական խնդիրը կապված է արժեշղթաների հզորացման հետ, որը հնարավորություն կտա լուծել իրացման խնդիրները:

Որպես հետագա համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարը նշել է ցուցադրական համատեղ կոոպերատիվ գործարանի կառուցումը, որը կզբաղվի ֆրանսիական պանիրների արտադրությամբ, կարկտապաշտպան ցանցերի և ցրտահարությունների դեմ պայքարի նոր միջոցների կիրառումը, մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի, մասնավորապես կոմբայնների տրամադրումը, գինեգործական կոոպերատիվի հիմնումը և այլն:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

27.01.16 | ժողովածու | քաղաքականություն