Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեռերի պատերազմ. Վերանորոգումը որպես սպանության շարժառիթ

Ի՞նչը կարող է ամուսնության համար իսկական փորձություն դառնալ:  Նույնիսկ ոչ թե փորձություն, այլ դաժան կտտանք, որը կարող է ամուսիններին հասցնել մինչեւ հոգեբուժարան եւ անգամ  ամուսնալուծության: Մի շտապեք պատասխանել:  Խոսքը  «7-րդ» տարվա հայտնի ճգնաժամի,  փնփնթացող սկեսրոջ ու նույնիսկ դավաճանության մասին չէ: Ցանկացած ամուսնական զույգի համար ամենասարսափելի, ծանր ու լուրջ փորձությունը դառնում է վերանորոգումը: Այո, հենց բնակարանի, ամառանոցի  պարզագույն վերանորոգումը կարող է սիրող ամուսիններին վերածել թշնամիների, որոնք պատրաստ են սպանել իրար, ինչպես Ջոլին եւ Փիթը` «Միսթեր եւ միսիս Սմիթները» ֆիլմում:

Փորձը ցույց է տվել, որ վեճն այն թեմայով, թե ինչ գույն է պետք ներկել պատերը կամ որտեղ է պետք տեղադրել զուգարանակոնքը, կարող է սահուն եւ աննկատ կերպով վերածվել գրեթե արյունահեղության:  Մի քանի օր առաջ ընկերներիս հետ նստած էի սրճարանում: Սիրալիր ամուսինները բոլորի աչքի առջեւ մի քանի վայրկյանում վերածվեցին հրեշների, հենց որ խոսք բացվեց բնակարանի վերանորոգման մասին: Ինչ-որ պահի ամուսինը հազիվ էր զսպում իրեն, որ կնոջ վրա բաժակ չնետեր եւ դատելով նրա դեմքի արտահայտությունից ՝ վերջինս տոգորված էր նույն ցանկությամբ:  Մի խոսքով, երեկոն փչացավ:

Իմ կարծիքով, հենց վերանորոգումն է վառ արտահայտում է կնոջ եւ տղամարդու մտածելակերպի տարբերությունը: Օրինակ՝ կանանց մոտ, համենայնդեպս նրանց ճնշող մեծամասնության, բացակայում է այն, ինչ ես կոչում եմ  «երկրաչափական երեւակայություն»:

Անձամբ ինձ համար դժվար է իրականության մեջ պատկերացնել թղթի վրա գծված բոլոր այդ քառակուսիները, ուղղանկյունները, սուրանկյունները, որոնք պատկերում են սենյակների եւ կահույքի դասավորությունը: Չեմ կարողանա, մինչեւ սեփական աչքով չտեսնեմ դա, ինձ համար այդ բոլոր պատկերները չինական այբուբեն են: Մինչդեռ տղամարդը սովորաբար հոյակապ եւ հստակորեն պատկերացնում է դա, բայց կնոջը բացատրել չի կարող: Որովհետեւ նման հարցերում մենք աներեւակայելիորեն համառ ենք: Եվ մեզ` կանանց համար կենսականորեն կարեւոր է, որ այս պահարանը կախված լինի հենց այս պատին եւ հենց այս բարձրության վրա, իսկ այն, որ պատը  (պատկերի համաձայն) այնտեղ հիշատակված էլ չէր, մեզ բոլորովին չի հետաքրքրում: Ու չէ՞ որ անհնար է տղամարդուն բացատրել, որ մենք նրա համար ենք չարչարվում:

Տղամարդիկ իրենց հերթին վերանորոգման ընթացքում տառապում են «հետո»-ի համախտանիշով: Այսինքն` ամեն ինչ արված է, մնացել են աննշան բաները, օրինակ` մի երկու կախովի առաստաղ ամրացնել: Եվ այստեղ ի հայտ է գալիս «հետո»-ն, որն ըստ էության նշանակում է «ինչ-որ մի օր»:

Իմ 36 եւ ավելի տարիների ընթացքում ես մեկից ավելի վերանորոգում եմ տեսել եւ միայն վերջերս եմ գիտակցել, որ խոշոր հաշվով կարեւոր չէ, թե որտեղ է կախված պահարանը եւ ինչ գույնի է պատը: Գիտե՞ք, երբ ունեցա այդ «հայտնությունը», սկսեցի ավելի հեշտ շնչել ու վերանորոգումն էլ սկսեց ավելի արագ առաջ գնալ:  Ես նույնիսկ համակերպվել եմ «հետո»-ի (կարդալ` երբեք) համախտանիշին: Ամեն անգամ, երբ ուզում եմ վերածվել միսիս Սմիթի, խորը շունչ եմ քաշում եւ արտաշնչելուց արագ ասում եմ. «Ոնց ասես, սիրելիս»: Երեւում է`40 տարեկանի կողմերը ես այնուամենայնիվ խելք եմ հավաքել… Ամեն դեպքում ուզում եմ հավատալ դրան… 

 

Յուլյա Վարդանյան

30.10.15 | հասարակություն | մոդա