Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեռերի պատերազմ․ «Տղամարդկային մտածելակերպով կանայք»

Լավագույն հաճոյախոսությունը, որը տղամարդը կարող է անել կնոջը, նրա՝ «տղամարդկային մտածելակերպ» ունենալու մասին խոստովանությունն է։ Համենայնդեպս, կա կանանց մի տեսակ (ես ինքս այդ կանանց թվին եմ դասում ինձ), ում համար այս հաճոյախոսությունը վեր է մյուս բոլոր խոսքերից։ Առաջին հերթին դա ակամայից կնոջն ազատում է «բոլոր կանայք հիմարներ են» դասակարգում ընդգրկվելուց։ Այսինքն՝ տղամարդն իր այս մեկ արտահայտությամբ կնոջն առանձնացնում է գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներից, ում հետ նա շփվել է։ Կոպիտ ասած՝ դուք արդեն հիմար չեք։ Ավելին, յուրահատուկ եք եւ տարբերվող։ Դուք ունեք ոչ կանացի տրամաբանություն, կարող եք վերլուծել, ուժեղ եք, անկախ, զգացմունքներին չեք տրվում, հիստերիկ տեսարաններ չեք բարձրացնում այն բանի համար, որ տղամարդը փոքր-ինչ ուշ է պատասխանել ձեր զանգին։ Այսինքն՝ դուք տղամարդու մտածելակերպ ունեցող կին եք եւ «հավասարվում եք» տղամարդուն։ Իսկ ավելի ճիշտ՝ ունեք նրան հավասար ինտելեկտ, մտածելակերպ եւ ուժ։

Դրանից բացի, այս հաճոյախոսությունն, ասես, սեքսիզմի եւ արական շովինիզմի դրսեւորում լինի, քանի որ պատմականորեն այնպես է ստացվել, որ տղամարդը կնոջն ընդունում է որպես արարածի, ռացիոնալ մտածելակերպից զուրկ մեկի, ոչ թե անձի կամ անհատի։ Եվ տղամարդիկ այս ամենը կապում են այն հանգամանքի հետ, որ Աստված մեծ ջանքեր չի գործադրել՝ կնոջը ստեղծելով Ադամի կողոսկրից։ Հենց դա է պատճառը, որ տղամարդը կնոջից մեծ ակնկալիքներ չունի եւ «մեծահոգաբար» ու փոքր-ինչ արհամարհանքով է ընդունում կնոջ եւ իր՝ Աստծուց հետո առաջինի հավասարությունը։ Այս մտածելակերպը դեռ կարծրացած է տղամարդկանց ենթագիտակցության մեջ։ Այն առկա է տղամարդկանց գեների մեջ, եւ չնայած ժամանակները փոխվել են՝ այսօրվա տղամարդը դեռ չի ազատվել այս մտածելակերպից։

Այսպիսով, նման հաճոյախոսություն անելով՝ տղամարդը կնոջը «մոտեցնում է» իրեն՝ «բարձունքնում» գտնվող մեկին, քանի որ «կնոջ մտածելակերպ» ասվածին տղամարդիկ մշտապես հումորով են վերաբերում՝ մեզ անվանելով «շիկահերներ», այլ կերպ ասած՝ «արարածներ»։ Իսկ «տղամարդկային մտածելակերպով կինն» արդեն անհատականություն է։ Ընդ որում, «տղամարդկային մտածելակերպով կին» չի նշանակում գրավիչ կին կամ կիսաշրջազգեստ հագած տղամարդ։ Այն մի այլ դասակարգ է․ ճիշտ է, տղամարդկանց «հավասար», բայց փոքր-ինչ անջատված, առանձնացված, քանի որ նրան բնության հակասություն են համարում։

Մյուս կողմից «տղամարդկային մտածելակերպով կնոջ» մեջ տղամարդը ցանկանում է տեսնել, ավելի ճիշտ՝ չտեսնել այն, ինչ նա պատկերացնում է առհասարակ կանանց մասին՝ «սիրում է, չի սիրում» մշտապես տրվող հարցը, տղամարդու համար անհասկանալի զգացմուքների դրսեւորումը, ռոմանտիկայի պահանջը, «հիմար» հարցերը եւ ալն։ Բայց տղամարդը հաշվի չի առնում մի կարեւոր մանրուք՝ «տղամարդկային մտածելակերպով կինը» կարող է աննկատ, ուժեղ սեռի ներկայացուցիչներին բնորոշ ձեւով այնպես անել, որ տղամարդը «պարի իր դուդուկի տակ»՝ առանց հասկանալու, թե ինչպես դա պատահեց․․․

Էմմա Օ․

09.07.15 | հասարակություն