Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ռուս գործարարները Հայաստանում են՝ ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում համագործակցության ակնկալիքով

Մարտի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանը ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ Հայաստանից: 





Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հունվարի 24-ին Մոսկվայում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դմիտրի Մանտուրովի հանդիպման ժամանակ:  

 

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ողջունել է հյուրերին, նշել, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորինը առկա ներուժը օգտագործելու համար: Նա նաև կարևորել է երկկողմանի հանդիպումների անցկացումը ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչների միջև: 

 

Նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը ևս կարևորել է գործարարների միջև հանդիպումները, նշել, որ երկու կողմից էլ կա մեծ հետաքրքրություն և համագործակցության պատրաստակամություն: 

 

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային  արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովն իր խոսքում նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են, որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և այդ իսկ պատճառով ձևավորված մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Ծրագիրը շատ հագեցած է, իսկ համագործակցության հնարավորությունները շատ մեծ:  

 

ՌԴ “ЭЛВИС” գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Յարոսլավ Պետրիչկովիչը  նշել է, որ արդեն իսկ ունեն հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ և այս հանդիպումների արդյունքում էլ ավելի կխորացնեն իրենց համագործակցությունը: 

 

“Technology & Science Dynamics” ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը նշել է, որ այս հանդիպումը շատ կարևոր է հատկապես երկկողմանի հետաքրքրությունների շրջանակը ճշտելու տեսանկյունից և ավելացրել, որ կա մեծ պատրաստակամություն և ցանկություն, կան նաև ընկերություններ, որոնց հետ կա որոշակի համագործակցություն, որը հարկավոր է ավելացնել:  

 

Հանդիպման ընթացքում ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացած հայկական և ռուսական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը և այն ուղղությունները, որոնցում համագործակցության հնարավորություններ են տեսնում: 

 

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը կունենա մի շարք հանդիպումներ: Նախատեսված են պատվիրակության ներկայացուցիչների ճանաչողական այցեր հայկական մի շարք ընկերություններ, համալսարաններ, ինչպես նաև առանձին հանդիպումներ կոնկրետ ընկերությունների հետ: 

02.03.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ