Ռոման Ամոյանը հեռացել է Հայաստանի հավաքականից, Արսեն Ջուլֆալակյանը կշարունակի ելույթը

02.11.16 - սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ռոման Ամոյանին (59 կգ) ու Արսեն Ջուլֆալակյանին (75 կգ):

«Ռոման Ամոյանին բոլորս գիտենք, գովաբանության կարիք չկա: Նա լուրջ ու վտանգավոր ըմբիշ է: Նա արդեն չի լինելու պայքարի մեջ, ունենք խոստումնալից երիտասարդներ, որոնք երկար ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի դառնան Ռոման Ամոյան: Կա ձգտում, ցանկություն, որոնք իրենց արդյունքը կտան:

Այս քաշային կարգում Ռուսաստանի հավաքականի կազմում ունենք հայ ըմբիշ՝ Ստեփան Մարանյանը, որը հարցազրույցներից մեկում նշել էր, թե Հայաստանի ֆեդերացիայից հրավեր ստանալու դեպքում դեմ չէր լինի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Մարանյանը լավ ըմբիշ է, չեմ կարող բացառել, բայց ես կողմնակից եմ, որ մենք հնարավորություն տանք եւ աճեցնենք մեր երկրի ըմբիշներին: Մարանյանը հայ է, ուժեղ է, բայց ես կողմ եմ մեր մարզիկներին հնարավորություն տալուն: Ես միշտ աշխատում եմ մեր մարզիկներին բարձրացնել, արդյունքների հասցնել:

Արսեն Ջուլֆալակյանին հնարավորություն տրվեց հոգեբանորեն կտրվել Օլիմպիական խաղերի սայթաքումից եւ նա դեռ չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան: Ես դա համարում եմ սայթաքում, որովհետեւ նա լիարժեք պատրաստ էր Խաղերին: Ես չեմ համարում Արսենի մարզական կարիերան ավարտված. նա մեծ նվիրվածությամբ շարունակում է մարզումները, հանդես է գալիս Գերմանիայի ակումբային առաջնությունում, հաղթանակներ տարավ Իրանի ակումբային առաջնությունում: Չեմ կարող ասել, որ նրա տարիքն արդեն լրացել է լավ մարզավիճակում լինելու եւ պայքարը շարունակելու համար:

Ոչ օլիմպիական քաշայինների աշխարհի առաջնությանը պատրաստվող Վարշամ Բորանյանը դեռ չի փոխի քաշային կարգը: Մի ժամանակ Վարշամ Բորանյանը հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում, որտեղ լուրջ պայքար կար: Նա չէր կարողանում լիարժեք պայքար տանել այդ քաշային կարգում: Բորանյանն իրեն ավելի լավ է զգում 71 կգ քաշային կարգում: Նա անձամբ է որոշել հանդես չգալ 75 կգ քաշային կարգում: Չեմ ցանկանում գովաբանել Արսեն Ջուլֆալակյանին, նրա հետեւից գալիս է Կարապետ Չալյանը, որը նույնպես լավ ըմբիշ է եւ այս քաշային կարգում Բորանյանի համար պայքարելը բարդ կլինի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան

02.11.16 | սպորտ