ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

 

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։

 

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է  աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։ 

 

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու և  լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:

 

***

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

 

 

 

 

 

14.08.17 | քաղաքականություն | քաղաքականություն