Պրահայում հայագետ Վացլավ Չեռնիի հիշատակին նվիրված կազմակերպվել էր գրական երեկո

Փետրվարի 23-ին Պրահայում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, կայացավ գրական երեկո՝ նվիրված վերջերս կյանքից հեռացած կովկասագետ, հայագետ, թարգմանիչ դոկտոր Վացլավ Չեռնիին:

 

Միջոցառմանը, որը նախաձեռնել էին Չեխիայում Հայաստանի և Վրաստանի դեսպանությունները Կարլի համալսարանի արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի հետ համատեղ, ներկա էին Հայաստանի և Վրաստանի դեսպանները, Վացլավ Չեռնիի այրին, անվանի մշակութային գործիչներ, Կարլի համալսարանի ուսանողներ, հայ և վրաց համայնքների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

 

Միջոցառումը վարում էին ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան և Վրաստանի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Չելիձեն։ Հանդես եկան Չեռնիի ուսանողներից՝ Միլադա Կիլիանովան, Աննա Սոխովան, Վերոնիկա Մարշիչկովան, ովքեր ներկայացրեցին Վացլավ Չեռնիի կողմից հայերենից չեխերեն թարգմանված Ֆրիկի, Նահապետ Քուչակի, Սայաթ Նովայի և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ:

 

Չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովան հանդես եկավ հեղինակի հուշապատումներով, որտեղ արտացոլված էին նրա տպավորությունները Չեռնիի մասին:

 

Իրենց ելույթներում ներկայացնելով Վացլավ Չեռնիին` մասնակիցները նշեցին նրա ավանդը հայագիտության և առհասարակ կովկասագիտության մեջ, պատմեցին հետաքրքիր դրվագներ նրա կենսագրությունից և ստեղծագործական կյանքից, ներկայացրեցին նրա մասին պատմող տեսաշարեր:

Ունկնդիրներին ներկայացվեցին Սայաթ-Նովայի տաղերից, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մի հատվածի թարգմանությունը՝ Ռադովան Լուկավսկու մատուցմամբ:

 

Միջոցառման ավարտին Չեռնիի ուսանողները հանդես եկան ծրագրային առաջարկությամբ՝ հրատարակելու հեղինակի հայերեն և վրացերեն ստեղծագործությունների չեխերեն թարգմանությունների առանձին ժողովածուն:

Միջոցառումը եզրափակվեց հայկական և վրացական ուտեստեների հյուրասիրությամբ:

27.02.17 | քաղաքականություն