ՊԵԿ-ը հարկ վճարողներին է ներկայացնում հարկային օրենսդրության փոփոխությունները

 

 

Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երևանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջև:

 

«Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ: Կարևորելով ինչպես հարկային մարմինների, այնպես էլ հարկ վճարողների շրջանում նոր հարկային օրենսդրության օրենքների ճիշտ կիրառումը՝ կոմիտեն նախաձեռնել է իրազեկման աշխատանքների մի ամբողջ փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է տարբեր եղանակներով հարկ վճարողներին ներկայացնել 2018թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հարկ վճարողների հետ հանդիպումներ կլինեն ոչ միայն Երևանում, այլև ՀՀ բոլոր մարզերում: Վ. Միրումյանի խոսքով իրազեկման աշխատանքները լինելու են հարկային օրենսգրքի բոլոր ուղղություններով. «Անդրադարձ է լինելու հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներին, առանձին հարկատեսակներին վերաբերող կարգավորումներին, ինչպես նաև վարչարարական ընթացակարգերին»:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

08.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն