Պարզվել է անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի ինքնությունը

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։ 

2017թ. մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստեր անհատական տվյալներով և լուսանկարով սոցիալական ցանցում այլ անձի կողմից ստեղծվել է կեղծ էջ, որով անառակաբարո հաղորդագրություն և տեսանյութ է ուղարկվել երեխայի համադասարանցիներին:

Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը հանդիսանում են պոռնկագրական բնույթի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։  

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, օրենքով սահմանված կարգով միջնորդություն ուղարկվել «Ֆեյսբուք» ընկերություն՝ սոցիալական ցանցում «կեղծ» օգտատիրոջ՝ համացանցի հասանելիության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։  Արդյունքում պարզվել է IP հասցեն, դրա բաժանորդը, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության, ով ևս անչափահաս է, և շարժառիթի վերաբերյալ։ 

Նախաքննությունը շարունակվում է։

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

30.10.17 | քաղաքականություն