Պարգևատրվել են ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների հաղթողները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումների հաղթողների պարգևատրման արարողությունը:

 










Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին մրցումներին ակտիվ մասնակցելու համար: «Հրաձգությունը ռազմավարական նշանակության մարզաձև է մեզ համար: Ուրախալի փաստ է նաև, որ մրցումներին հաջող մասնակցել և բարձր միավորներ են հավաքել կանայք և աղջիկները: Հաջորդ մրցումներին, բացի այս 32-ից, կփորձենք ընդգրկել ավելի մեծ թվով գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ավելացնել շահող անվանակարգերը: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի աշխարհագրական դիրքի առանձահատկությունը, երբ յուրաքանչյուրիս մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը շատ կարևոր է, հրաձգության այս միջոցառումը կնպաստի մեր պետության և հայ ժողովրդի պաշտպանունակության բարձրացմանը»,- ասել է Խ. Ասրյանը: 

Թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ կրթության և գիտության  նախարարության թիմը, երկրորդ տեղում է ՀՀ գլխավոր դատախազության թիմը, իսկ երրորդում՝ Հայաստանի հանրային ռադիոյի թիմը, որոնց նախարարի տեղակալը  հանձնել է գավաթներ և հավաստագրեր:

Տղամարդկանց անհատական մրցապայքարում առաջին տեղն է զբաղեցրել Արտաշես Առաքելյանը (ՀՀ մշակույթի  նախարարություն), երկրորդ տեղը՝ Արման Սաղաթելյանը (Հայաստանի հանրային ռադիո), երրորդ տեղը՝ Արշակ Մարտիրոսյանը (ՀՀ գլխավոր դատախազություն):

Կանանց անհատական մրցապայքարում հաղթող է դարձել Սոնա Գրիգորյանը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն), երկրորդ տեղն է զբաղեցրել Լիլիթ Թումանյանը (Հայաստանի հանրային ռադիո), երրորդ տեղն է զբաղեցրել Աննա Գրիգորյանը (ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ):

Անհատական հաշվարկով 1-ին տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են օդամղիչ հրացաններով, իսկ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները՝ մարզահագուստով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով: 

Հիշեցնենք, որ մրցումներն անցկացվել են 2017 թվականի փետրվարի 23-24-ը, որոնց մասնակցում էին 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Մրցմանը չեն մասնակցել ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

 

27.02.17 | քաղաքականություն