Պաշտպանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 26-ին այցելել է Շիրակի մարզ։ Աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ, քննարկվել են մարզից Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներում ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված համատեղ աշխատանքի սկզբունքները։

 






Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային ստորաբաժանումում Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են դիմումատուների հետ, ներկայացվել է նրանց բողոքների քննարկման ընթացքը: Միաժամանակ խորհրդատվություն է տրամադրվել գրասենյակ այցելած այլ քաղաքացիների: Տեղում բարձրացված ընտանիքի անապահովության հարցի լուծման կապակցությամբ կապ է հաստատվել սոցիալական աջակցության տարածքային բաժնի ղեկավարի հետ, արդյունքում՝ կինը հաջորդ ամսվանից կստանա ընտանեկան նպաստ:

 

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գյումրու թաղամասերից մեկը, որտեղ ավելի վաղ լուծվել էր ջրի ընդհատումների խնդիրը: Բնակիչներն այս անգամ բարձրացրել են ջրի ցածր ճնշման հարցը: Խնդիրը տեղում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործման տնօրենի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչև խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ նոր խողովակաշարերի անցկացումը, ավելացնել ջրի ճնշումը:

 

Պաշտպանն այցելել է նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպություն, ՀԿ ղեկավար Վահան Թումասյանի հետ շրջել կենտրոնում և ծանոթացել իրականացվող ծրագրերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Շիրակ կենտրոն»-ի հետ քննարկել համագործակցության ուղղություններ:

 

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

 

27.10.17 | քաղաքականություն