«Չկա մեկը, ով ունի փազլի բոլոր կտորները, համագործակցությունը պարտադիր նախապայմանն է». Արեգ Թադևոսյան

 






 

Դեկտեմբերի 4-ին «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովը մի հարկի տակ էր հավաքել ՀՀ տարբեր մարզերի 20-ից ավելի կազմակերպություններ և շուրջ 120 ոլորտի ներկայացուցիչների։ Մասնակիցները հավաքվել էին քննարկելու Հայաստանում դեռևս նոր թափ առնող ՍՁ ոլորտի հիմնական խնդիրներն ու զարգացման հնարավորությունները և առաջարկությունների փաթեթ մշակելու ոլորտի հիմնական դերակատարների համար։

 

Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Ավստրիական միջմշակութային կենտրոնի ծրագրի համակարգող Ֆրանյո Շտայները, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթենիկ Բադեյանը։

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի համար այսօր սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը խիստ կարևոր է, ուստի ԵՄ-ն շարունակելու է աջակցել ինչպես ոլորտում արդեն իսկ ներգրավված մարդկանց և կառույցներին, այնպես էլ խթանել նորերի ստեղծմանն ու զարգացմանը:

 

Միջոցառումը կոչված էր նաև ամփոփելու «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» երկամյա ծրագրի արդյունքները․համաժողովի բացմանը հաջորդող ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում արդեն պատմություն ունեցող ՍՁ-ների կողքին իրենց արտադրանքն ու ծառայություններն էին ներկայացնում նաև Ծրագրի շրջանակում ՀՀ 5 մարզերում ստեղծված 10 նոր սոցիալական ձեռնարկատիրություններ։ Կարի արհեստանոց, պլաստիկի վերամշակման գործարան, հրուշակեղենի արտադրամաս. նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունները ոչ միայն մի քանի տասնյակ նոր աշխատատեղ են ստեղծել, այլև իրենց եկամտի առնվազն 50%-ն ուղղում են իրենց համայնքի խնդիրների լուծմանը՝ ապաստան անօթևան երեխաներին, մասնագիտական կրթության ապահովում, էկոհամակարգի պահպանություն և այլն։

 

«Համաժողովն ամփոփիչ է ծրագրի համար, սակայն այն նաև նոր մեկնարկի մասին է ազդարարում, որովհետև ստեղծված բիզնեսները դեռ նոր են սկսում իրենց ճանապարհը, նրանք դեռ պիտի աշխատեն ու թափ առնեն՝ զարգացնելով իրենց և իրենց համայնքները»,- իր խոսքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը։

 

«Ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտակցում են, որ ՍՁ-ն մի կողմից հասարակական սեկտորի ֆինանսական կայունության և անկախության, մյուս կողմից համայնքի զարգացման հրաշալի գործիք է, սակայն անցած տարիների մեր փորձն այս ոլորտում թույլ է տալիս վստահորեն ասել, որ այսօր մեր երկրում չկա մի մարդ, մի կառույց, մի սեկտոր, որ ունենան սոցիալական ձեռնարկատիրություն ասված փազլի բոլոր կտորները, ուստի ոլորտի զարգացման համար բոլորս պետք է աշխատենք միասին՝ համատեղելով ջանքերն ու փորձառությունը»,- ասում է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի համակարգող Արեգ Թադևոսյանը:

 

 

 

 

Օրվա երկրոդ կեսին համաժողովն իր աշխատանքը շարունակեց առանձին աշխատարաններում: Թեմատիկ խմբային քննարկումների ընթացքում արձանագրվեցին տարբեր ոլորտի ներկայացուցիչ մասնակիցների դիրքորոշումը քննարկվող հարցերի շուրջ: Ավելի ուշ այդ նկատառումները տեղ կգտնեն համաժողովի փորձագետների կողմից ոլորտի դերակատարներին ուղղված առաջարկությունների փաթեթում: Կազմակերպիչները նշում են, որ թե´ ՀՀ կառավարման համակարգում, թե´ միջազգային դոնորների քաղաքականության մեջ անընդհատ մշակվում են տարբեր գործընթացներ, որոնք այն կամ այն կերպ իրենց ազդեցությունը կարող են ունենալ դաշտի վրա: Հիմնական խնդիրն է այս պահին այդ դերակատարներին հասցնել ոլորտի ներկայացուցիչների հիմնական նկատառումները, առաջարկություններն ու համագործակցության տեսլականը:

 

 

 

05.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն