Որդեկորույս մայրերը զգուշացնում են պատկան մարմիններին. Հանկարծ չսխալվե՛ք. Այլևս որդի չունենք բանակին տալու (տեսանյութ)

 

«Այլևս տղա չունենք բանակին տալու»,- հայտարարում են ապրիլյան պատերազմում որդի կորցրած մայրերը: 

Վերջիններս հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ իրենց մտահոգությունները պայմանավորված են ՊՆ նախարարի կողմից Զինապարտության մասին օրենքում առաջարկվող վերջին փոփոխություններով և պաշտոնյաների հայտարարություններով առ այն, որ բանակում պետք է ծառայեն բոլորը՝ առանց որևէ արտոնության: 

 

2016 թվականի ապրիլի 2-ին  Քարվաճառում ՝ մարտական գործողություններ իրականացնելիս զոհված Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը, մասնավորապես, նշեց, որ իր երկու որդիներն արդեն իսկ տվել են հայրենիքին ունեցած պարտքը, բայց երրորդ զավակին թույլ չի տա ծառայել: 

 

«Ժորան զոհվել է ապրիլի 2-ին, երբ դիրքը գրավել են, բայց նրա մարմինը Կարմիր խաչի օգնությամբ փակ դագաղով փոխանցել են մեզ ապրիլի 10-ին: Նույն ժամանակահատվածում Ժորայի եղբայրը ծառայում էր Քարվաճառում մեկ տարվա տարբերությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ժորայի դեպքի ժամանակ տուն գալուց հետո իրենք թույլ չեն տվել մյուս տղային վերադառնալ ծառայության, մինչև որ վերջինիս տեղափոխել են Էջմիածին: 

 

Մ. Հակոբյանի խոսքերով՝ շուտով մոտենալու է կրտսեր որդուն ծառայության ուղարկելու օրը, ինչը շատ է մտահոգում ողջ ընտանիքին, քանի որ երրորդ զավակի արտոնություններն այլևս ուժի մեջ չեն. «Երրորդ տղաս պետք է բոլորի նման վիճակահանության մասնակցի և, եթե Ղարաբաղ դուրս գա, ապա պետք է գնա ու ծառայի սահմանին. Ես իմ տղային չեմ թողնելու զորակոչեն բանակ»:  

 

Իր հերթին ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը նույնպես պնդեց, որ երկրորդ որդուն թույլ չի տա ծառայել բանակում: 

 

Թեև զինկոմիսարիատում նրան բազմիցս վստահեցրել են, որ կրտսեր որդին չի ծառայի՝ համաձայն Զինապարտության մասին օրենքի, (Զինապարտության մասին օրենքի համաձայն՝  այն քաղաքացին ում հայրը (մայրը) կամ եղբայրը (քույր) զոհվել (մահացել ) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում մարտական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավան է՝ ազատվում է պարտադիր զիվորական ծառայությունից), այնուամենայնիվ, Լ. Ավագյանը պնդեց, որ ոչ մի դեպքում թույլ չի տալու միակ որդու ծառայությունը: 

 

«Տղաս զոհվել է ապրիլի 4-ին Ջաբրաիլում՝ մարտական դիրքերում: Այս մեկ տարի վեց ամիսների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, սակայն այս պահին ինձ համար կարևոր է երկորդ որդուս ծառայությունը: Հանկարծ չսխալվեն պետական մարմինները և դուռս թակեն տղայիս բանակ զորակոչելու համար. Ես միանշանակ որդի չունեմ բանակին տալու»,- ընդգծեց որդեկորույս մայրը՝ շեշտելով, որ ավագ որդին առավելագույնն է արել հայրենիքի համար՝ տալով սեփական կյանքը: 

 

Անդրադառնալով պետական այրերի կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող աջակցությանն ու ուշադրությանը՝ Լ. Ավագյանը նկատեց, որ իրենց ընտանիքը, բացի սկզբնական շրջանում ստացած պետական աջակցությունից, այլևս օգնություն չի ստացել և միայն Արմավիրի մարզպետի միջնորդությամբ է ինքն աշխատանք գտել դպրոցում: 

 

Նրա փոխանցմամբ՝ իրենց խնդիրներով ամենից շատ հետաքրքրվել է Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» սոցիալական կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանը: 

 

 

 

 

27.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն