Շարունակվում է փրկարարական գույքի արդիականացումը

Օրերս Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տեխնիկական բազան հարստացել է ռուս գործընկերների կողմից տրամադրված նոր սարքավորումներով՝ հատուկ նշանակության լուսային աշտարակներով ու ամենագնացներով (կվադրոցիկլ):

 

Բենզինային շարժիչով գեներատորների օգնությամբ աշխատող 30 լուսային աշտարակները նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորություն ապահովելու համար։ Դրանք կարող են օգտակար լինել նաև փրկարարների տեղակայման կամ դաշտային պայմաններում ծավալված բժշկական ճամբարներում լուսավորությունն ապահովելու համար։

 

8 ամենագնաց կվադրոցիկլները կկիրառվեն արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

 

Ինչպես նախկինում ստացված, այնպես էլ վերոհիշյալ փրկարարական գույքը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

 

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը ստեղծվել է 2016 թվականին: Սա եզակի կենտրոն է տարածաշրջանում, որի հիմնական նպատակներն են արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումը և հզորացումը:

25.10.17 | քաղաքականություն