Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը

 

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի`  մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով ՃՈ հետ համատեղ շարունակվում է մի շարք խաչմերուկներում աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունն ապահովելու ուղղությամբ փոփոխությունների իրականացումը: Ըստ այդմ, մասնավորապես Ագաթանգեղոս փողոցից մինչև Գր. Լուսավորիչ փողոց մեքենաների աջ երթևեկն անխոչընդոտ դարձնելու նպատակով վերոնշյալ հատվածը կահավորվել է կանգառն արգելող ճանապարհային նշաններով: Նախորդ շաբաթ ևս 3 խաչմերուկներում էլ կատարվել է լուսացույցերի տեղակայման փոփոխություն՝ վարորդների տեսանելիությունը մատչելի դարձնելու նպատակով:  

 

Աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ երկու շաբաթվա ընթացքում   կազմվել է 8  վարչական արձանագրություն, մեկ հասցեում կատարվել է ինքնակամ շինարարության ապամոնտաժում: Հանձնարարվել է շարունակել գործընթացը և խստացնել հսկողությունը՝ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ։

Բացօթյա ապօրինի առևտրի հայտնաբերման նպատակով նախորդ 2 շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 29  վարչական արձանագրություն:  Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում   կազմվել է  57  վարչական արձանագրություն, որից 41-ը՝ շինարարական աղբի մասով: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ շարունակվում է մայրաքաղաքի օպտիկամանրաթելային մալուխների և փոխանցման տուփերի գույքագրումը: Հանձնարարվել է կարճ ժամանաակահատվածում  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և  համապատասխան օպերատորների միջոցներով  կարգավորել խնդիրը, այդ թվում նաև՝ ապամոնտաժելով անգործության մատնված հաղորդալարերը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի   զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ինչպես նաև  ծառերի բուժման աշխատանքները։ Հանձնարարվել է համապատասխան մասնագետների ներգրավմամբ գույքագրել մայրաքաղաքում առկա չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց անհապաղ հեռացման ուղղությամբ: Բայցի այդ, հանձնարարվել է նաև իրականացնել չորացած ճյուղերի սանիտարական էտ:

Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  շարունակվում են  մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Նշվել է, որ համապատասխան աջակցություն է ցուցաբերվում նաև Երևան քաղաքում փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն հայտնող սիրիահայ ընտանիքներին:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ արդեն հիմնականում պատրաստ է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր և, որ առաջիկայում նախատեսված մամլո ասուլիսի շրջանակում բոլոր մանրամասները կներկայացվեն հանրությանը:

 

25.09.17 | քաղաքականություն