Ներկայացնելու ենք այն ամենը, ինչ կապված է մեր ինքնության հետ

Սեպտեմբերի 28-ին ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) արդեն 4-րդ անգամ տեղի կունենա «Գութան»  ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:

 

«Ներկայացնելու ենք այն ամենը, ինչ կապված է մեր ինքնության հետ: Փառատոնի միջոցով փորձում ենք տարածել ազգային մշակույթը: Մասնակցում է 19 ազգագրական երգի-պարի խումբ, ընդհանուր թիվը 400-ն է, որից 350-ը անկախության սերնդի երիտասարդներ են: Այսինքն, սա հաղթանակ է, ցույց է տալիս, որ ոչինչ կորած չէ: Մեր ազգային մշակույթի ջահն այսօր բարձրացնում է անկախության սերնդի երիտասարդը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ում մտահղացմամբ և նախաձեռնությամբ էլ սկիզբ է դրվել այս փառատոնին:

 

Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա նաև Արցախում: Կմասնակցեն 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/, «Մարաթուկ», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մշո Հավքեր»/Գավառ/, «Մարաթուկցիներ»: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը:

 

 

 

 

27.09.17 | քաղաքականություն | մոդա