ՆԱՏՕ-ն ու Հայաստանը կանխում են Ռուսաստանի վտարումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է զենք վաճառել ցանկացածին, այդ թվում Հայաստանին: Հայաստանն է որոշում՝ գնել, թե ոչ, հաշվի առնելով գնային առաջարկներն ու այլ հանգամանքներ:

 

Դա իհարկե նորություն չէ: Երեւանն  այդ մասին հայտարարեց նաեւ ապրիլյան պատերազմից հետո, երբ հանրությունն աշխուժորեն քննարկում էր իսրայելական արտադրության հարվածային անօդաչուների հարցը: Դրանք բավական ինտենսիվ կիրառել էր Ադրբեջանը եւ սկզբնական շրջանում դրանք լուրջ խնդիրներ էին առաջացրել հայկական կողմի համար: Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմին էլ առաջարկվել է այդպիսի սպառազինություն, բայց մենք նպատակահարմար չենք գտել:

 

Ինչու՞, չի մանրամասնվել: Այստեղ իհարկե կարող է առաջնային լինել ֆինանսական կողմը, ի վերջո հարվածային անօդաչուների գները մի քանի հարյուր հազար դոլարից հասնում են մինչեւ մի քանի միլիոն դոլարի:

 

Սակայն կա նաեւ ռազմավարական կամ մարտավարական նպատակահարմարության խնդիր: Առնվազն տեսականում հնարավոր է դիտարկել, որ հայկական կողմին ավելի անհրաժեշտ եւ ռացիոնալ կարող է լինել ծախսը հարվածային անօդաչուները չեզոքացնելու միջոցների վրա, քան այդ անօդաչուներից ձեռք բերելու: Ի վերջո, սկզբունքորեն տարբեր են Ադրբեջանի եւ Հայաստանի մարտական խնդիրները:

 

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ վերջին շրջանում տեղեկություններ են հրապարակվել հայկական կողմի տրամադրության տակ հարվածային անօդաչուներ լինելու մասին: Նախօրեին ադրբեջանական ՊՆ-ն ու ԱԳՆ-ն տարածել էին համատեղ հայտարարություն, որում խոսում էին նաեւ, թե իբր հրադադարը խախտող հայկական կողմը կիրառել է նաեւ հարվածային անօդաչու թռչող սարք:

 

Դրանից մի քանի շաբաթ առաջ ռուսական մամուլում հայտնվել էին վերլուծություններ ու մեկնաբանություններ, որոնցում հեղինակները նշում էին հայկական կողմի զինանոցում հարվածային անօդաչու թռչող սարքերի առկայության մասին:

 

Հայկական կողմը չի հերքել դրանց առկայության մասին այդ տեղեկությունները: Թեեւ, մյուս կողմից, ինչու՞ պետք է հերքեր, եթե անգամ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Դրան զուգահեռ, ինչու՞ պետք է հայկական հարվածային անօդաչուի կիրառման մասին պաշտոնապես հայտարարեր Բաքուն, եթե հայկական կողմը չունի եւ չի կիրառում դրանք:

 

Բոլոր դեպքերում հարց է առաջանում, թե որտեղի՞ց է համալրվել հայկական զինանոցը այդ հարվածային ուժով: Արդյոք ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը վերանայել է մարտավարական խնդիրներն ու որոշել, որ պետք է համալրել զինանոցը անօդաչու հարվածային սարքերով, դրանք ձեռք բերելով Իսրայելից: Թե՞ հայկական անօդաչուները հենց տեղական մշակում են:

 

Մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ թեեւ Հայաստանի հիմնական ռազմա-տեխնիկական գործընկերը Ռուսաստանն է, այդուհանդերձ անհրաժեշտության դեպքում Հայաստանի զինված ուժերը օգտվում են սպառազինության համալրման այլ աղբյուրներից:

 

Կոնկրետ որո՞նք են դրանք, նախարարը չի մանրամասնել: Միեւնույն ժամանակ, խնդիրը տվյալ դեպքում միայն հարվածային զինանոցը չէ: Օրինակ, մարտական խնդիրների եւ պաշտպանունակության բարձրացման իմաստով չափազանց կարեւոր նշանակություն ունեն այն տեսադիտարկման սարքավորումները, որոնցով համալրվել է առաջնագիծը եւ որոնց շնորհիվ նաեւ Ադրբեջանը փետրվարի 25-ին ստացավ հայկական զինուժի կանխարգելիչ հարվածը՝ դիվերսիայի եւ նոր գրոհի փորձի նախապատրաստման ընթացքում:

 

Ինչպես հայտարարել է գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով ներկայում սերտ գործակցում է Հայաստանի ՊՆ հետ, այդ սարքավորումներով հայկական առաջնագիծը հագեցել է ամերիկյան օժանդակության շնորհիվ:

 

Զինանոցի համալրումն անկասկած այսբերգ է ցանկացած երկրի դեպքում, դրա անտեսանելի մասը ավելին է, քան ջրի երեսին եղածը: Միարժեք է, որ Հայաստանի խնդիրը Ադրբեջանի հետ քանակական մրցավազքի մեջ մտնելը չէ, այլ ասիմետրիկ պաշտպանական համակարգի կառուցումը: Դրա մասին խոսում է նաեւ պաշտոնական Երեւանը:

 

Այլ կերպ ասած, քանակական մրցավազքին Հայաստանը պետք է հակադրի որակականը: Բայց դա նշանակում է նաեւ որակապես այլ քաղաքականություն թե ներքին, թե արտաքին առումով:

 

Սկզբունքային փոփոխություններ այդ հարցում չկան: Ավելին, կարծես թե չեն էլ նախանշվում, դատելով Սերժ Սարգսյանի վերջին հեռուստահարցազրույցի տրամադրությունից ու տրամաբանությունից:

 

Հնարավո՞ր է կառուցել ասիմետրիկ եւ որակյալ պաշտպանական համակարգ, հայտարարելով, թե իսկ ու՞ր գնանք Ռուսաստանից կամ Եվրասիայից բացի, թե ՆԱՏՕ-ում բոլո՞րն են մեզ գրկաբաց սպասում: Կարծես Եվրասիայում մեզ գրկից գիրկ են փոխանցում:

 

Մյուս կողմից, արդյոք սիմետրիկ հպատակության ցուցադրական ակտերով Սերժ Սարգսյանը փորձում է ստանալ ասիմետրիկ պաշտպանության այսբերգային համակարգ կառուցելու թույլտվություն: Բանն այն է, որ ասիմետրիկ պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլ նաեւ տնտեսա-քաղաքական ընդգրկուն դիվերսիֆիկացիա:

 

Մյուս կողմից, իրավիճակն իսկապես բավական նուրբ ու բազմաշերտ է, եւ այստեղ իհարկե Հայաստանի ասիմետրիկ պաշտպանունակության հարցում կարող է շահագրգռված լինել նաեւ Ռուսաստանը, որովհետեւ այդ երկիրը գործնականում վաղուց ձեռքից բաց է թողել Կովկասի անվտանգության լծակները, դրանք հանձնելով Ադրբեջանին եւ Թուրքիային: Պարզապես Բաքուն ու Անկարան ցուցադրաբար հրաժարվում են դրանից, պատասխանատվությունը Ռուսաստանի վրա թողնելու համար, դրանով իսկ գործնականում «պատանդի» կարգավիճակում պահելով Մոսկվային:

 

Այդտեղ Ռուսաստանին օգնել կարող են միայն ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը. առաջինը զսպում է Թուրքիային, երկրորդը՝ Ադրբեջանին: Այլապես Թուրքիան ու Ադրբեջանը Կովկասից վաղուց էին դուրս դրել Ռուսաստանին:

lragir.am

 

 

27.07.17 | քաղաքականություն | քաղաքականություն